
ԱրմԻնֆո. Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ԱՄՆ Առևտրիպալատի փոխնախագահ Քուշ Չոքսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հյուրընկալության համար և նշել, որ Պալատի անդամները ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներ։ Նա հավելել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ Հայաստանում տնտեսական ոլորտի զարգացմանը, ներդրումային հնարավորություններին և գործարար միջավայրին։
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական հարաբերություններին և նշել, որ անցյալ տարվա օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ստորագրված փաստաթղթերի արդյունքում արդեն իսկ նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Պետության ղեկավարը, մասնավորապես, հիշատակել է երկրում արհեստական բանականության արտադրության երկու խոշոր գործարանների ստեղծումը։ Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները տարբեր ուղղություններով կշարունակեն զարգանալ և ամրապնդվել։
Իր ելույթում վարչապետը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի, դրա արդյունքում տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների և բացվող հնարավորությունների հարցին։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը պատմել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված TRIPP նախագծի իրականացման մասին։
Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման, առկա հնարավորությունների, ինչպես նաև գործարար միջավայրի հետևողական բարելավման նպատակով կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների և ծրագրերի մասին։
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է գործարարներին հետաքրքրող հարցերին։
Հանդիպման արդյունքներով հայտարարվել է Հայ-ամերիկյան գործարար խորհրդի ստեղծման մասին։