
ԱրմԻնֆո. Հայաստանի Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի ընտանիքին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը հումքի և սարքավորումների ներմուծման ժամանակ արտոնություններ կստանա։ Ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղադրիչների և պարագաների, հումքի ու նյութերի՝ մաքսատուրքից ազատելու մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 24-ին կայացած կառավարության նիստում։
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, փաստաթղթի մշակումը պայմանավորված է առաջնահերթ ոլորտում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի իրագործումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ընկերության կողմից ներմուծվող հումքն ու սարքավորումները նախատեսված են պոլիէթիլենային ջերմասոսնձվող թաղանթի արտադրության և թողարկվող արտադրանքի տեղափոխման համար։
Ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին։ Ծրագիրն իրականացվելու է Վայոց ձորի մարզում։ Հաշվի առնելով, որ ընկերությունը նախատեսում է ցանկում ներկայացված ապրանքները ներմուծել լիզինգային կազմակերպության միջոցով, այժմ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել որոշման մեջ՝ ընկերությանը նաև ապրանքները լիզինգով ներմուծելու հնարավորություն տալու համար։ Անհրաժեշտություն է առաջացել նաև վերանայել ցանկը, քանի որ նախատեսվում է 215 միլիոն դրամի սարքավորումների և 656,9 միլիոն դրամի լրացուցիչ խմբաքանակի հումքի ներմուծում։ Կատարված փոփոխությունների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 4,3 միլիարդ դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնության ընդհանուր արժեքը գնահատվում է 270,7 միլիոն դրամ։
Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության ու արտահանման խթանման համար։