
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը կֆինանսավորի Տիգրան Պետրոսյան փողոցի վերանորոգումը։ Այդ նպատակով կառավարության սեպտեմբերի 24-ի որոշմամբ կուղղվի շուրջ 278 մլն դրամ։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ նշված գումարը կհատկացվի այլ ճանապարհների արդիականացման ծրագրերի իրականացման ընթացքում տնտեսված միջոցների հաշվին: Ընդհանուր առմամբ, աշխատանքներ կտարվեն 51 175 քմ մակերեսով տարածքում: Երևանի քաղաքապետարանի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Տիգրան Պետրոսյան փողոցի նշված հատվածում հայտնաբերվել են մեծածավալ փոսեր, ճանապարհային ցանցի ճաքեր և նստվածքներ: Նշված փողոցում հիմնանորոգման կամ միջին վերանորոգման վերջին աշխատանքները կատարվել են 15 և ավելի տարի առաջ:
Վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով 2026 թվականի հուլիսի 17-ին կնքվել է կապալի պայմանագիր, իսկ 2026 թվականի հուլիսի 28-ին ՝ 277 մլն 800 հազար դրամ ընդհանուր գումարի որակի տեխնիկական հսկողության ծառայությունների գնման պայմանագիր: Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Տիգրան Պետրոսյան փողոցի 51.175 քմ մակերեսով ճանապարհահատվածի պատշաճ միջին վերանորոգումը, կվերացվեն ճանապարհային մակերեսի դեֆորմացիաներն ու վնասվածքները, ինչը զգալիորեն կբարձրացնի ճանապարհային երթևեկության անվտանգությունն ու հարմարավետությունը: