Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026 15:22
Ալեքսանդր Ավանեսով

Երեւանում քննարկվել են "Զվարթնոց" և "Շիրակ"օդանավակայանների զարգացմանն առնչվող հարցեր

Երեւանում քննարկվել են "Զվարթնոց" և "Շիրակ"օդանավակայանների զարգացմանն առնչվող հարցեր

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը:

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում և նշել, որ Կառավարությունը շահագրգիռ է փոխշահավետ գործընկերության զարգացմամբ և ընդլայնմամբ։

 

Մարտին Էռնեկյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և ընդլայնման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, ինչպես նաև այլ ներդրումային նախագծերի։ Այս համատեքստում, քննարկվել են նախագծերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր, որոնք կնպաստեն ավիացիոն շուկայի զարգացմանը, զբոսաշրջության ոլորտի զարգացմանը զուգահեռ ուղևորահոսքերի, օդանավակայանների թողունակության ավելացմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը և այլն։

 

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ հետագա քայլերի շուրջ:

 

Նշենք, որ "Զվարթնոց "և" Շիրակ "օդանավակայանների կոնցեսիոները ("Կորպորասիոն Ամերիկա Ավիաուղիներ" ընկերություն) շուրջ 400-425 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է նախատեսել ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացման և ընդլայնման, այդ թվում՝ թողունակության ավելացման, օդանավակայանների վերանորոգման և զարգացման համար: Ծրագրի նպատակն է կրկնապատկել ուղևորահոսքը և բարելավել բեռնափոխադրումների ենթակառուցվածքը: Շատ առումներով դա պայմանավորված է զբոսաշրջային այցելությունների զգալի աճով։ 2026 թվականի օգոստոսին Հայաստան է այցելել 227 հազար 26 զբոսաշրջիկ, իսկ 2026 թվականի հունվար - օգոստոսին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 1 մլն 467 հազար 333։ 2026 թվականի առաջին ութ ամիսներին Հայաստան ամենաշատ զբոսաշրջային այցելությունները գրանցվել են Ռուսաստանից՝ ընդհանուր թվիի 40%-ը։ Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 14%, երրորդում՝ Իրանը՝ 8%: