
Արմինֆո.Սեպտեմբերի 29-ին ՀՀ կենտրոնական բանկում մեկնարկել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ, OECD) և Նիդերլանդների ֆինանսների նախարարության՝ ֆինանսական կրթության տեխնիկական աջակցության ընտրատարածքային ծրագրի տարեկան հանդիպումը՝ «Ֆինանսական դիմակայունության ամրապնդում» խորագրով։ Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ հաղորդագրությունում,
հանդիպումը կշարունակվի ևս երկու օր՝ ֆինանսական կրթության և ֆինանսական դիմակայունության թեմաներով հետագա քննարկումներով և փորձի փոխանակմամբ։
Հանդիպման պաշտոնական բացմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՏՀԶԿ Ֆինանսական սպառողների պաշտպանության, կրթության և ներառման ստորաբաժանման ղեկավար Մայլս Լարբին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը և Նիդերլանդների ֆինանսների նախարարության համակարգող Անժելիկ վան Հաաստերենը։
Մարտին Գալստյանն ընդգծել է, որ ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի ու բարեկեցության վրա։ Նա նշել է, որ Հայաստանում մշակվող Ֆինանսական կրթման ծրագրի երրորդ փուլում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում փորձարկմանը, վարքաբանական մոտեցումներին և արդյունքների գնահատմանը։
Մայլս Լարբին նշել է, որ հանդիպումը, որը համախմբում է Հայաստանի և տարածաշրջանի ևս տասը երկրների ներկայացուցիչների, արտացոլում է ֆինանսական կրթության քաղաքականությունների զարգացման և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման ընդհանուր հանձնառությունը։
Անժելիկ վան Հաաստերենի խոսքով՝ ֆինանսական դիմակայունությունը նշանակում է կարողանալ արդյունավետ կառավարել առօրյա ֆինանսները, դիմակայել տնտեսական ցնցումներին, շարունակել շարժվել դեպի երկարաժամկետ նպատակներ և պահպանել վստահությունն ու սեփական ֆինանսների նկատմամբ վերահսկողությունը։
Աննա Բաբաջանյանն ընդգծել է պետական կառույցների, Կենտրոնական բանկի, կրթական համակարգի, մասնավոր հատվածի և այլ գործընկերների համագործակցության կարևորությունը՝ ներկայացնելով նաև Հայաստանում դպրոցական կրթության մեջ ֆինանսական կրթության ինտեգրման փորձը։
Հանդիպմանը նախորդող ողջույնի ընդունելությունը սեպտեմբերի 28-ին անցկացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ մասնակիցներին ողջունել են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը և Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը։ Արմեն Նուրբեկյանն ընդգծել է ապացույցների, հետազոտության և գնահատման վրա հիմնված քաղաքականության կարևորությունը՝ նշելով, որ ֆինանսական կրթության ծրագրերը պետք է գնահատվեն ոչ միայն իրականացված միջոցառումների թվով, այլև մարդկանց վարքագծի և ֆինանսական որոշումների վրա ունեցած իրական ազդեցությամբ։