
Արմինֆո. Հայաստանի բանկային ոլորտը ներդրումային հատվածում դեռևս չունի ձևավորված մշակույթ՝ ոչ մասնավոր հաճախորդների, ոչ էլ խոշոր ներդրողների համար։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ Հայաստանում երկրորդ ներդրումային-ֆինանսական համաժողովի շրջանակներում «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը համաշխարհային շուկաների նոր ճարտարապետությունում» թեմային նվիրված պանելային քննարկման ժամանակ:
Այս համատեքստում նա նշել է, որ շուկային անհրաժեշտ են ֆինանսական միջնորդներ, որոնք պատրաստ են ակտիվորեն առաջ մղել այդ հնարավորությունները ։ "Մեր խնդիրը ոչ թե ֆինանսական միջոցների եւ հիմնադրամների պակասն է, այլ՝ ոչ բավարար շահագրգռվածությունը", - նշել է ԿԲ նախագահի տեղակալը:
Նուրբեկյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման մակարդակը բավականաչափ բարձր չէ, սակայն արդեն զգալի աճ է նկատվում մանրածախ ներդրումների առումով: "Մենք տեսնում ենք ներուժ, և մարդիկ պետք է հասկանան, որ երբ խոսքը վերաբերում է նորարարությանը, այստեղ կա նաեւ ռիսկ։ Ոմանք կապիտալի շուկան դիտարկում են որպես անվտանգ, ինչպես բանկային ակտիվները, ինչի առնչությամբ ուզում եմ առանձին ընդգծել, որ ռիսկերն այս ամենի անբաժանելի մասն են կազմում", - նշել է նա։
Խոսելով ներդրողների կողմից վստահության մասին կամ՝ գլոբալ մակարդակում, Նուրբեկյանը նկատել է, որ Հայաստանը համեմատական առումով գտնվում է վստահության գագաթնակետին: "Այսինքն, եթե 5 տարի առաջ տեղական ներդրումները կազմում էին 0 տոկոս, այժմ հասել են 16 տոկոսի։ Այստեղ խոսքը խոշոր ներդրումային խաղացողների մասին է։ Եվ հիմա շատ կարևոր է, որ մենք շարունակենք ամրապնդել այդ վստահությունը", - հավելել է նա։
Միաժամանակ, Նուրբեկյանը կարևորել է ենթակառուցվածքի շարունակական զարգացումը։ Այս համատեքստում նա նշել է, որ տնտեսությունը պետք է ձեւավորվի ոչ միայն բանկային վարկավորման հաշվին, այլ անհրաժեշտ է լիարժեք ֆինանսական եւ տնտեսական ենթակառուցվածք: Նա նշել է, որ մարդիկ գալիս են Հայաստան և ներդրումներ են կատարում, հետևաբար, Հայաստանի ֆոնդային բորսան պետք է ավելի հասանելի դառնա տարբեր երկրների խաղացողների համար և շարունակաբար աճի: Այս առումով ԿԲ նախագահի տեղակալը պատմել է Աբու Դաբիի բորսայի հետ համագործակցության մասին, ինչը մեծ քայլ է ենթակառուցվածքի զարգացման համատեքստում: "Շատ ոլորտներ արդեն ակտիվանում են, մասնավորապես՝ կենսաթոշակային հիմնադրամները, եւ մենք տեսնում ենք, որ բորսայի նշանակությունը մեծանում է", - նշել է ԿԲ ղեկավարի տեղակալը:
Հարցին, թե ինչպես է ԿԲ-ը կառավարում ֆինանսական կայունությունը, ընդ որում, չխոչընդոտելով աճին, Նուրբեկյանը նշել է, որ նորարարությունները չպետք է կասեցվեն կարգավորիչ գործընթացների պատճառով, այլ, հակառակը, պետք է շարժիչ ուժ դառնան: "Կարծում եմ, որ պետք է հետևել մասնավոր հատվածին, քանի որ նրանցից գալիս են նոր գաղափարներ և նորարարություններ։ Մասնավոր հատվածի մասշտաբային աճը առաջնահերթություն է։ Այժմ մենք ակտիվորեն առաջարկներ ենք ստանում մասնավոր հատվածից և պետք է ավելի շատ կենտրոնանանք նորարարությունների, քան կարգավորման վրա", - ընդգծել է նա։
Նշենք, որ 2026 թվականի համաժողովի ուշադրության կենտրոնում են Հայաստանի ներդրումային և ֆինանսական էկոհամակարգի զարգացման գործնական ուղղությունները, կապիտալի ներգրավման նոր հնարավորությունները, երկրի մրցակցային դիրքերի ամրապնդումը գլոբալ տնտեսական փոփոխությունների պայմաններում, ինչպես նաև միջազգային ֆինանսական համակարգում Հայաստանի դերի ընդլայնումը:
Գործարար ծրագիրը միավորում է լիագումար նստաշրջանը և պանելային քննարկումները՝ նվիրված կապիտալի շուկաների զարգացմանը, ներդրումային գործիքներին, ֆինանսական ինստիտուտների դերին, ֆինանսական հատվածի թվային փոխակերպմանը և մարդկային կապիտալի զարգացմանը:
Հայ և միջազգային փորձագետները կքննարկեն նաև համաշխարհային տնտեսությանը Հայաստանի հետագա ինտեգրման հնարավորությունները, միջազգային կապիտալի ներգրավման մեխանիզմները, երկրի ՝ որպես տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի ներուժը և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը:
Համաժողովը համախմբել է ավելի քան 500 մասնակիցների, այդ թվում ՝ պետական, ֆինանսական և գործարար հատվածների, ինչպես նաև փորձագիտական հանրության ներկայացուցիչների: