Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026 14:01
Ալեքսանդր Ավանեսով

Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելուց առաջ անհրաժեշտ է հստակ պատասխանել այն հարցին, թե ով է վճարելու գազի արտոնյալ գնի կորստի դեպքում առաջացող տարբերությունը․ փորձագետ

Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելուց առաջ անհրաժեշտ է հստակ պատասխանել այն հարցին, թե ով է վճարելու գազի արտոնյալ գնի կորստի դեպքում առաջացող տարբերությունը․ փորձագետ

ԱրմԻնֆո. Հայ-ռուսական հարաբերությունները վերանայելուց առաջ անհրաժեշտ է հստակ պատասխանել այն հարցին, թե արտոնյալ գնի կորստի դեպքում գազի գների տարբերությունը ով է վճարելու՝ սպառողը, բիզնեսը, թե պետությունը՝ բյուջեից։ Այդ մասին իր հոդվածում գրում է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինն արդեն նախազգուշացրել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայման դեպքում Հայաստանը կարող է կորցնել ռուսական գազի արտոնյալ գները։

"Առայժմ խոսքը հնարավորության մասին է, սակայն տնտեսական հետևանքները պետք է հաշվարկել արդեն այսօր։ Մի քանի թիվ ներկայացնեմ. 2026 թվականին ռուսական գազի արտահանման միջին գինը կանխատեսվում է 1000 խորանարդ մետրի դիմաց մոտ 313 դոլարի մակարդակում։ Բելառուսի համար գինը կազմում է 128,52 դոլար, Հայաստանի համար՝ 177,5 դոլար։ Երկու դեպքում էլ գինը չի բարձրացել։  Չինաստանի համար այս տարի միջին գինը գնահատվում է մոտ 248 դոլար, իսկ Թուրքիայի և եվրոպական մի շարք երկրների համար՝ 562 դոլար։ Վերջին դեպքում նախորդ տարվա համեմատ աճը կազմում է մոտ 38% կամ ավելի քան երեք անգամ գերազանցում է Հայաստանի գինը։

Իհարկե, դրանք տարբեր պայմանագրեր են և մատակարարման տարբեր պայմաններ, սակայն տարբերության չափը բավական խոսուն է", - նշել է փորձագետը։

Նա նաև մատնանշել է, որ գազի գները շարունակում են աճել նաև հենց Ռուսաստանում։ Առաջիկա երեք տարիներին ներքին սպառողների համար նախատեսվում է ևս 27% աճ։ Այս պայմաններում Հայաստանի համար պահպանվող գինը քաղաքական հարաբերությունների տնտեսական բաղադրիչի կարևոր դրսևորում է։

"Հիմա մեզ համար ամենակարևորի մասին։ Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 42,2%-ը բաժին է ընկել ջերմային էլեկտրակայաններին։ Այսինքն՝ գազի գների բարձրացումը կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի արժեքի աճի։ Այնուհետև՝ ճնշում սակագների, արտադրության, սննդամթերքի գների և ընտանեկան բյուջեների վրա։ Հետևաբար, հարաբերությունները վերանայելուց առաջ մեզ անհրաժեշտ է հստակ պատասխանել՝ արտոնյալ գնի կորստի դեպքում տարբերությունը ով է վճարելու։ Սպառողը, բիզնեսը, թե պետությունը՝ բյուջեից։  Հայաստանի համար դա ռազմավարական ռիսկ է՝ էներգետիկից մինչև սոցիալական կայունություն", - արձանագրել է Վահե Դավթյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ հայկական կողմն այս պահին ազդանշաններ չի ստացել Ռուսաստանից մատակարարվող բնական գազի արժեքի հնարավոր փոփոխության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ իրավիճակի փոփոխության դեպքում կառավարությունը դիտարկում է տարբեր սցենարներ։ "Մտածո՞ւմ ենք մենք, թե նման իրավիճակի ստեղծման դեպքում ինչպես ենք կառավարելու այն։ Այո, մտածում ենք, որովհետև սա նորություն չէ։ 2018 թվականից ի վեր ես ամեն տարի բախվում եմ այս իրականությանը, որովհետև այս հարցերն անընդհատ հնչում են։ Մենք քննարկում ենք տարբեր սցենարներ՝ կապված ոչ միայն սրա, այլ ամեն ինչի հետ։ Սա կառավարության դերն է՝ հաշվարկներ իրականացնել", - հայտարարել էր Փաշինյանը։