
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանն ընդունել է Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության գծով պատասխանատու Դանիել Սանչեսի գլխավորած պատվիրակությանը։
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել է ՀԲ աջակցությամբ իրականացվող «Երեխայի խնամքի խոչընդոտները և դրանց կապը Հայաստանում կանանց աշխատուժի մասնակցության հետ» թեմայով վերլուծության կրթական բաղադրիչը։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության և մասնագիտական կրթության և ուսուցման ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Ողջունելով հյուրերին՝ Աննա Բաբաջանյանը կարևորել է Համաշխարհային բանկի աջակցությունը Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը՝ ընդգծելով, որ բանկի գործընկերությամբ շարունակվում են իրագործվել բազմաթիվ կարևոր ծրագրեր։
Դանիել Սանչեսը ներկայացրել է երեխաների խնամքի ծառայությունների հասանելիությանն առնչվող հիմնական մարտահրավերների վերաբերյալ վերլուծության արդյունքները՝ անդրադառնալով նաև դրանց ազդեցությանը կանանց՝ աշխատաշուկայում մասնակցությանը։
Այս համատեքստում կարևորվել են երեխաների խնամքի ծառայությունների հասանելիության, մատչելիության և որակի բարելավման, ծառայությունների ընդլայնման, հաստատությունների լիցենզավորման, մասնագետների կարողությունների զարգացման, ինչպես նաև տվյալների հավաքագրման և մշտադիտարկման համակարգերի կատարելագործման հարցեր։
Անդրադառնալով մինչև 2 տարեկան երեխաների խնամքի ծառայությունների ընդլայնմանը՝ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը ներկայացրել է իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ փորձնական եղանակով համապատասխան խմբեր են ձևավորվել Երևանում, Հրազդանում, Գյումրիում և Վանաձորում։ Նշվել է, որ ծառայությունների ընդլայնմանը զուգահեռ անհրաժեշտ է զարգացնել մասնագիտական և մարդկային կարողությունները։ Կարևորվել են նաև երեխաների խնամքի և վաղ մանկության զարգացման ոլորտներում ներգրավված պետական կառույցների սերտ համագործակցությունը, տարբեր գերատեսչությունների մոտեցումների համադրումը, ինչպես նաև տվյալների որակի և մշտադիտարկման համակարգերի կատարելագործումը։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությունը և փորձագիտական աջակցությունը հետագա ծրագրերի մշակման ընթացքում։
Նշենք, որ Համաշխարհային բանկի ուսումնասիրությունների համաձայն, կանանց մասնակցությունը երկրի աշխատուժում սահմանափակ է (մոտ 48-56% ՝ տղամարդկանց մոտ 70%-ի դիմաց), և հիմնական զսպող գործոններից մեկը երեխաների և ընտանիքի տարեց անդամների խնամքի անհավասար ծանրաբեռնվածությունն է: Դա մեծապես պայմանավորված է որակյալ, տարածքային առումով մոտ և ֆինանսապես ընդունելի մսուր-մանկապարտեզների պակասով, հատկապես՝ մարզերում և գյուղական վայրերում (օրինակ ՝ Շիրակի, Տավուշի և Արմավիրի մարզերում): Ոչ վերջին դերն են խաղում նաև սոցիալական նորմերն ու կարծրատիպերը, որոնց համաձայն, հայ հասարակության շրջանում կնոջ ավանդական ընկալումը գնահատվում է որպես տնային տնտեսության վարման և երեխաների դաստիարակության գլխավոր պատասխանատու: Ծնողների զգալի մասը կասկածներ է հայտնում երեխաների խնամքի պաշտոնական հաստատությունների ծառայությունների որակի վերաբերյալ, ինչի պատճառով նրանք նախընտրում են ոչ պաշտոնական խնամք կամ աշխատանքի դուրս գալուց լիովին հրաժժարում: Երեխաներ ունեցող կանայք ավելի հաճախ են բախվում կարիերայի դադարների, իսկ կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը Հայաստանում հասնում է 25-30% - ի ՝ համադրելի աշխատանք կատարելիս: