
Արմինֆո. 38,2 մլն դրամ կուղղվի Թուրքմենստանի "Ավազա" զբոսաշրջային գոտում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում բացվելիք հայկական երկու տաղավարների աշխատանքի կազմակերպմանը: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միջոցներն ուղղվելու են ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պատշաճ ներկայացմանը, ինչպես նաև հայկական մշակույթի և խոհարարական ավանդույթների հանրահռչակմանը: Հոկտեմբերի 6-9-ը Թուրքմենստանում գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է անցկացնել մեծ գալա համերգ՝ ԱՊՀ անդամ երկրների ստեղծագործական խմբերի մասնակցությամբ: Միջոցառման ցուցահանդեսային մասում կաշխատեն ԱՊՀ երկրների տաղավարները: Հայաստանի Հանրապետությանը կհատկացվի 2 տաղավար։ Առաջին տաղավարը կրելու է տեղեկատվական բնույթ, երկրորդ տաղավարը ներկայացնելու է ժողովրդական վարպետների աշխատանքները, հայկական գորգեր, ազգային տարազների ցուցահանդես, ֆոտոգոտի, ինչպես նաև հայկական ավանդական խոհանոցը:
Հայաստանը մեծ գալա համերգին ներկայացված կլինի 21 հոգանոց պատվիրակությամբ, որի կազմում է նաև Վանաձորի "Հորովել" երգի-պարի համույթը: Հայաստանի խոհարարական արվեստը կներկայացնի շեֆ խոհարար Սեդրակ Մամուլյանը և նրա օգնականը: Միջոցառումների պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին: