Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026 19:53
Ալեքսանդր Ավանեսով

Երեւանում ընթացել է ՍԾՏՀ ԽՎ կոմիտեի 67-րդ նիստը

Երեւանում ընթացել է ՍԾՏՀ ԽՎ կոմիտեի 67-րդ նիստը

Արմինֆո. Նոյեմբերի 12-ին Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի 67-րդ նիստի աշխատանքը։


Ազգային ժողովի հաղորդագրության համաձայն, նիստին մասնակցել են Հայաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Ալբանիայի, Մոլդովայի և Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանական պատվիրակությունները։


Բացման խոսքով հանդես է եկել ՍԾՏՀ սոցիալական և հումանիտար քաղաքականության հանձնաժողովի նախագահ Բասիլեոս Գիոգիակասը։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նա կարևորել է Սևծովյան տարածաշրջանում սոցիալական կապիտալի պահպանման հարցը՝ ընդգծելով կրթության ուրույն դերը: «Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը նպաստում է անդամ պետությունների միջև կրթության ոլորտում համագործակցության բոլոր նախաձեռնությունների իրականացմանը»,- ընդգծել է զեկուցողը։ Նրա խոսքով Հայաստանը կարող է կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանում՝ որպես համագործակցության և երկխոսության պատրաստ երկիր:


«Լինելով Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր անդամներից՝ Հայաստանի Ազգային ժողովը շահագրգռված է վեհաժողովի շրջանակում համագործակցության ամրապնդմամբ, փոխադարձ վստահության ձևավորմամբ և կազմակերպության ներուժի լիարժեք իրացմամբ»,- ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։ Նրա խոսքով այսօր Հարավային Կովկասը և ամբողջ Սևծովյան տարածաշրջանը կարևոր փոխակերպումների փուլում են։ Տարածաշրջանի ապագան մեծապես կախված է առկա հակասությունները հաղթահարելու, վստահության մթնոլորտ ձևավորելու և համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու կարողությունից։


«Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման դիրքերից։ Կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը։ Նա կարևորել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը։ «Մասնավորապես, ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման համար։ Համոզված ենք, որ բաց սահմանները, զարգացած ենթակառուցվածքները և տնտեսական փոխկապակցվածությունը կարող են դառնալ տարածաշրջանում վստահության ամրապնդման և երկարատև խաղաղության կարևոր նախադրյալներ», - ասել է Վահագն Ալեքսանյանը և հույս հայտնել, որ վեհաժողովի անդամ երկրները ևս կաջակցեն այդ հնարավորություններին՝ իրենց ներդրումն ունենալով տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։


Անդրադառնալով հանձնաժողովի նիստի թեմային՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ այսօր պետությունների մրցունակությունը պայմանավորված է ոչ միայն բնական պաշարներով, աշխարհագրական դիրքով կամ տնտեսական ներուժով, այլև առաջին հերթին մարդկային կարողություններով։ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ քննարկումները կնպաստեն գործնական առաջարկների և համագործակցային նոր նախաձեռնությունների ձևավորմանը՝ ի շահ մեր երկրների և տարածաշրջանի ժողովուրդների։


ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը չափազանց արդիական է համարել նիստի օրակարգային թեման։ «Մարդկային կապիտալը ոչ միայն տնտեսական աճի և մրցունակության կարևոր նախապայման է, այլև հասարակությունների կայունության, սոցիալական բարեկեցության և պետությունների երկարաժամկետ զարգացման հիմքը»,- ընդգծել է զեկուցողը։ Նա վստահեցրել է, որ քննարկումները հնարավորություն կտան համադրելու երկրների փորձը և ձևավորելու գործնական առաջարկներ՝ ուղղված տարածաշրջանում մարդկային ներուժի պահպանմանն ու զարգացմանը։


ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղարի ողջույնի խոսքերն ու լավագույն մաղթանքները հանձնաժողովին փոխանցել է կառույցում գլխավոր քարտուղարի տեղակալ Բորիս Կոլիսնիչենկոն։ Նա շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովին և վեհաժողովում հայկական պատվիրակությանը՝ ջերմ հյուրընկալության և հանձնաժողովի աշխատանքը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ընդգծելով նիստի օրակարգային թեմայի կարևորությունը՝ զեկուցողը նշել է, որ Սևծովյան տարածաշրջանը միշտ էլ աչքի է ընկել կրթական ուժեղ ավանդույթներով, գիտական ձեռքբերումներով և բարձր որակավորված մասնագետներով։ «Այդուհանդերձ, մենք տեսնում ենք ժողովրդագրական անկում, ճգնաժամ, առողջապահության և թվային ոլորտների մասնագետների պակաս։ Սա մեզ հիշեցնում է, որ մեր երկրների մեծագույն հարստությունը ոչ միայն ենթակառուցվածքներն ու բնական ռեսուրսներն են, այլ նաև մարդն ու մարդկային կապիտալը»,- բարձրաձայնել է Բորիս Կոլիսնիչենկոն։ Նա խոսել է արհեստավարժ մասնագետներ պատրաստելու ու այդ գործում համապատասխան քայլեր իրականացնելու անհրաժեշտության մասին։


Հանձնաժողովի օրակարգն ու 2026 թվականի մարտի 4-ին Տիրանայում կայացած 66-րդ նիստի արձանագրությունը հաստատելուց հետո անդրադարձ է կատարվել «Մարդկային կապիտալի պահպանումը Սևծովյան տարածաշրջանում. կրթություն, առողջապահական աշխատուժ և թվային հմտություններ» թեմայով զեկույցի նախագծի քննարկմանը։ Թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել մի շարք երկրների ներկայացուցիչներ: Նրանք խոսել են իրենց երկրներում մարդկային կապիտալի զարգացման և պահպանման կարևորությունից, ոլորտում ներդրումների իրականացման ու նոր ծրագրերի մշակման անհրաժեշտությունից, կրթության և զբավածության միջև կապի ամրապնդումից, անդրադարձել ժողովրդագրական խնդիրներին ու արտագաղթի պատճառներին։


Մասնակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ զարգացնելու խորհրդարանական երկխոսությունը, ընդհանուր մարտահրավերների հարցում գտնելու համատեղ լուծումներ։ Պատվիրակները համակարծիք են եղել, որ պետք է խորացնել տարածաշրջանային համագործակցությունն ու գործնական քայլեր կատարել՝ հանուն իրենց երկրների բարգավաճման և տնտեսական զարգացման։


Քննարկումների արդյունքում մասնակիցները հաստատել են զեկույցի նախագիծը։

 

Նիստի ավարտին որոշվել է հանձնաժողովի հաջորդ՝ 68-րդ նիստն անցկացնել Մոլդովայում՝ 2027 թվականին: