Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026 20:47

ԱՄՀ աշխատակազմը Հայաստանի հետ աշխատակազմի մակարդակով համաձայնություն է ձեռք բերել «Պահուստային ծրագրի» երկրորդ ամփոփիչ ստուգման և «Դիմակայության և կայունության գործիքի» (RSF) համար հայտի շուրջ

ԱՄՀ աշխատակազմը Հայաստանի հետ աշխատակազմի մակարդակով համաձայնություն է ձեռք բերել «Պահուստային ծրագրի» երկրորդ ամփոփիչ ստուգման և «Դիմակայության և կայունության գործիքի» (RSF) համար հայտի շուրջ

Արմինֆո.ԱՄՀ աշխատակազմը և Հայաստանի իշխանություններն աշխատակազմի մակարդակով համաձայնություն են ձեռք բերել «Պահուստային ծրագրի» (SBA) երկրորդ ամփոփիչ ստուգման, ինչպես նաև «Դիմակայունության և կայունության գործիքի» (RSF) շրջանակում քաղաքականությունների շուրջ։ Ակնկալվում է, որ դեկտեմբերի կեսին կայանալիք նիստում ԱՄՀ խորհուրդը միասին կքննարկի երկու ծրագրերը։

  • Կանխարգելիչ «Պահուստային ծրագիրն» աջակցում է շարունակական մակրոտնտեսական կայունությանը և կայուն ու ներառական աճին։ Քաղաքականության առաջնահերթությունների թվում են՝ հարկման բազայի ընդլայնումը, հարկաբյուջետային ռիսկերի նվազեցումը, ՀՀ ԿԲ կառավարման կատարելագործումը և վիճակագրական հաշվետվությունների բարելավումը։
  • «Դիմակայունության և կայունության գործիքի» (RSF) առանցքում ինստիտուցիոնալ խորքային բարեփոխումներն են՝ կլիմայական դիմակայունության բարձրացման համար։ Քաղաքականությունները նպատակաուղղված են բնական աղետների ռիսկի կառավարմանը, ջրային կառավարմանը, ցնցումներին սոցիալական պաշտպանության համակարգի արձագանքման ունակությանը, էներգետիկ անվտանգության բարձրացմանը և կլիմայական տվյալների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացմանը։

Վաշինգտոն, ԿՇ։ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը, Ալեքսանդր Թիմանի ղեկավարությամբ, 2026 թվականի սեպտեմբերի 16-29-ը այցելեց Երևան՝ Հայաստանի հետ «Պահուստային ծրագրի» (SBA) շրջանակում երկրորդ ամփոփիչ ստուգման և զուգահեռ «Դիմակայունության և կայունության գործիքի» (RSF) համար իշխանությունների հայտի շուրջ քննարկումների անցկացման համար։ Քննարկումների ավարտին պրն․ Թիմանը հրապարակեց հետևյալ հայտարարությունը․

«Ուրախ եմ հայտարարել, որ Հայաստանի իշխանությունները և ԱՄՀ-ի թիմը աշխատակազմի մակարդակով համաձայնություն են ձեռք բերել քաղաքականությունների շուրջ՝ եռամյա «Պահուստային ծրագրի» շրջանակում երկրորդ ամփոփիչ ստուգումն ավարտելու, ինչպես նաև զուգահեռ նոր «Դիմակայունության և կայունության գործիքի» համար։ «Պահուստային ծրագիրը» կշարունակի օժանդակել  մակրոտնտեսական կայունությանը և կառուցվածքային բարեփոխումներին՝ հանուն կայուն աճի, իսկ «Դիմակայունության և կայունության ծրագրով» կշեշտադրվեն բնական աղետների և կլիմայական ցնցումների նկատմամբ երկարաժամկետ դիմակայունության բարձրացման քաղաքականությունները։ Համաձայնությունը ենթակա է հաստատման ԱՄՀ-ի գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսվում է 2026 թվականի դեկտեմբերին։ Խորհրդի կողմից «Պահուստային ծրագրի» (SBA) ամփոփիչ ստուգման հաստատմամբ հասանելի կդառնա 25 միլիոն ԱՄՆ դոլար (18.4 միլիոն փոխառության հատուկ իրավունք (ՓՀԻ))՝ 2025 թվականի դեկտեմբերին «Պահուստային ծրագրի»  (SBA) մեկնարկից սկսած հասանելի ընդհանուր գումարը հասցնելով մոտավորապես 75 միլիոն ԱՄՆ դոլարի  (55.2 միլիոն ՓՀԻ)։  Խորհրդի կողմից «Դիմակայունության և կայունության գործիքի» (RSF) հաստատումը մինչև 193.2 միլիոն ՓՀԻ-ի հասանելիության հնարավորություն կտա (մոտավորապես 262 միլիոն ԱՄՆ դոլար)՝ առաջիկա երկու տարիների ընթացքում չորս ամփոփիչ ստուգումները բարեհաջող ավարտելու դեպքում։

 «Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը, որը կանխատեսվում է 5․5 տոկոս, 2025 թվականի (7.1 տոկոսի) համեմատ մեղմացել է, սակայն բարձր է մնում։ 2026 թվականի վերջին գնաճը կանխատեսվում է 4․8 տոկոս, 3 տոկոսի թիրախից բարձր՝ պայմանավորված ներքին բարձր պահանջարկով և Մերձավոր Արևելքի պատերազմի հետևանքով լոգիստիկ ծախսերի  և ապրանքների գների բարձրացումով։ Հարկաբյուջետային բարձր կատարողականը պահպանվում է, ընդ որում 2026 թվականին բյուջեի պակասուրդի կանխատեսվող 4 տոկոսի ցուցանիշը սպասվում է, որ բյուջեով նախատեսվածից լավ արդյունք կապահովի, չնայած առողջության ապահովագրության և կենսաթոշակների ուղղությամբ ավելի բարձր ծախսերին։ Կենտրոնական կառավարության պարտքը  ՀՆԱ-ի 50 տոկոսից սոսկ մի փոքր է ցածր։ Ընթացիկ հաշվի պակասուրդը կանխատեսվում է, որ 2025 թվականի համեմատ փոքր-ինչ կնվազի, կազմելով ՀՆԱ-ի 8․5 տոկոսը, որին կօժանդակի ոսկու նոր հանքավայրում արտադրությունը։ Կապիտալի բարձր ներհոսքը ՀՀ կենտրոնական բանկին (ՀՀ ԿԲ) միջազգային պահուստների ավելի ամուր դիրք ձևավորելու հնարավորություն է ընձեռել՝ արտարժույթի պատեհաժամ գնումների միջոցով։ Բանկային համակարգը մնում է շահութաբեր, կապիտալի և իրացվելիության բարձր բուֆերներով։

Միջնաժամկետ հեռանկարում ակնկալվում է, որ տնտեսական աճը կդառնա ավելի չափավոր՝ կազմելով մոտավորապես 5 տոկոս, ընդ որում շարունակվող կառուցվածքային բարեփոխումները կբարձրացնեն ցնցումների նկատմամբ դիմակայունությունը։ Հեռանկարի համար նվազման ուղղությամբ ռիսկերը հիմնականում բխում են աշխարհաքաղաքական դժվարին միջավայրից, ներառյալ Մերձավոր Արևելքի հակամարտությունից, որը վերընթաց ճնշում է ստեղծում գնաճի վրա և կարող է բացասաբար անդրադառնալ արտահանման վրա։ Դրական հեռանկարի  ուղղությամբ՝ հետագայում սահմանների բացումը կարող է մեծացնել առևտրի և ներդրումների հնարավորությունները։

2027 թվականի բյուջեի նախագծով ծրագրվում է ՀՆԱ-ի 3․4 տոկոսի չափով պակասուրդ, հիմնականում իշխանությունների միջնաժամկետ ծախսերի ծրագրին (ՄԺԾԾ) համահունչ՝ պահպանելով մակրո-ֆիսկալ կայունությունը, միաժամանակ օժանդակելով Հայաստանի առաջնահերթ ծախսերի կարիքներին։ Իշխանությունները շարունակում են հանձնառու լինել ԱԱՀ բազայի ընդլայնմանը և եկամուտների վարչարարության ամրապնդմանը՝ միաժամանակ ուշադիր սահմանելով ծախսերի առաջնահերթությունը միջնաժամկետ հեռանկարում հարկաբյուջետային աստիճանական կոնսոլիդացմանն աջակցելու համար։ Պետական ֆինանսների կառավարման և հանրային ներդրումների կառավարման շարունակական բարելավումները խիստ կարևոր են մնում ընդհանուր հարկաբյուջետային ջանքին օժանդակելու համար։

Գնաճի շարունակվող ճնշումների պայմաններում՝ ողջունելի են վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքը սեպտեմբերին և նոյեմբերին գումարային 50 բազիսային կետով բարձրացնելու ՀՀ ԿԲ-ի որոշումները։ ՀՀ ԿԲ-ն անհրաժեշտ է,  որ շարունակի մշտադիտարկել տնտեսական զարգացումները և գնաճի սպասումները և պատրաստ լինի, ըստ անհրաժեշտության, ճշգրտելու քաղաքականության տոկոսադրույքը։ Անհրաժեշտ է շարունակել միջազգային պահուստներ կուտակելու ՀՀ ԿԲ ջանքերը կապիտալի շարունակվող ներհոսքի պայմաններում՝ հնարավոր ցնցումների նկատմամբ դիմակայունությունը բարձրացնելու համար։ Ֆինանսական հատվածի բուֆերներն ավելի մեծացնելու համար ՀՀ ԿԲ-ն պատշաճ կերպով բանկերի կապիտալի հակացիկլային բուֆերը բարձրացնում է երկու քայլով՝ 1․75-ից 2․25 տոկոսի՝ միաժամանակ շարունակելով ֆինանսական կայունության ռիսկերի մշտադիտարկումը և կատարելագործելով վերահսկողական գործիքակազմը և կարողությունները։

Հայաստանի կառուցվածքային բարեփոխումների օրակարգը, ինչպես ուրվագծված է կառավարության ծրագրում, պատշաճ ուշադրություն է դարձնում մարդկային կապիտալի զարգացմանը, բաց, ներառական, մրցունակ, գիտելիքահենք և նորարար տնտեսությանը, որը գնալով ավելի դիմակայուն է դառնում կլիմայական ցնցումների նկատմամբ։ «Պահուստային ծրագիրը» օժանդակում է բիզնես միջավայրի հետագա բարելավման  և վիճակագրության առանձին ոլորտների որակի բարձրացման իշխանությունների ծրագրերին։ «Դիմակայունության և կայունության գործիքը» անմիջականորեն կօժանդակի իշխանությունների նպատակներին՝ կապված էներգետիկ անվտանգության բարձրացման և կլիմայական ցնցումներով պայմանավորված մակրոտնտեսական խոցելիությունների նվազեցման հետ։ Ծրագիրն օժանդակում է հարկաբյուջետային ռիսկերի վերլուծության, հանրային ներդրումների կառավարման, ջրային և էլեկտրաէներգետիկ ռեսուրսների կառավարման բարելավմանը, ինչպես նաև կլիմային առնչվող տվյալների կառավարման և հրապարակման բարելավմանը, ինչը կարող է հետագայում ներգրավել կլիմայական լրացուցիչ ֆինանսավորում։

ԱՄՀ թիմը շնորհակալություն է հայտնում Հայաստանի իշխանություններին, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, զարգացման գործընկերներին և դիվանագիտական համայնքին՝ արգասաբեր քննարկումների և համագործակցության համար»։