Չորեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2013 15:03
Հայաստանի ֆինհաշտարար. Կտրուկ աճել է ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոքների թիվը
ԱրմԻնֆո. Կտրուկ աճել է ֆինանսական կազմակերպությունների դեմ Հայասատանի ֆինանսական հաշտարարի գրասենյակին ուղղվող բողոքների թիվը: Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը, ՙՖինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը 4՚ թեմայով կոնֆերանսում, երը տեղի է ունենում հոկտեմբերի 2-3 Երևանի ՙԱրմենիա Մարիոթ՚ հյուրանոցում:
Փ.Սարգսյանի խոսքերով, 2012 թվականին ֆինանսական հաշտարարի գրասենյակին ուղղված բողոքների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 175%: Բողոքների էական աճ է արձանագրվում նաև այս տարի, որոնց թիվը հունվար-սեպտեմբեր ամիսներին հասել է 1298-ի: Դրանցից 535-ը եղել է գրավոր, որի 50%-ը լուծվել է հաճախորդի օգտին: Ընդ որում, հաճախորդների օգտին դրական արդյունքով ավարտված գործերի մեծ մասը տեղի է ունեցել խաղաղ հաշտությամբ: Ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի ֆինանսական հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին փոխհատուցած գումարը 2013 թվականի 9 ամիսներին կազմել է 108 մլն.դրամ, 2012 թվականի 134 մլն.դրամի փոխարեն:
ՙՔաղաքացիներից ստացվող բողոքները հիմնականում ուղղված են բանկերի և ապահովագրական ընկերությունների դեմ: Բանկերի դեմ բողոք-հայտերն ավելի շատ վերաբերվում են քարտային խաբեբայություններին, բանկային հաշիվների սպասարկմանը և ՙՍպառողական վարկերի մասին՚ ՀՀ օրենքի կետերի խախտումներին: Ապահովագրողների դեմ քաղաքացիների բողոքները հիմնականում վերաբերվում են ԱՊՊԱ-ին, ինչպես նաև բժշկական ապահովագրությանը` սոցիալական փաթեթի շրջանակներում՚,-տեղեկացրել է Փ.Սարգսյանը:
Նա նաև ներկայացրել է ՀՀ ֆինանսական հաշտարարի գործունեության արդյունքերը գործունեության ողջ ժամանակահատվածում: Այսպես, գրասենյակի կողմից ստացված բողոքների ընդհանուր թվում, 2009-2013 թվականներին, բանկերի դեմ բողոքները կազմել են 2100, ապահովագրական ընկերությունների դեմ` 1775 բողոք: Այդ ժամանակաշրջանում ստացված բողոքների ընդհանուր թիվը կազմել է 4432, որից քննարկվել է 1238-ը, իսկ հաճախորդի օգտին է ավարտվել դրանց 71.8%-ը: Ընդ որում, ֆինհաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին վճարված փոխհատուցումների ընդհանուր գումարը գործունեության սկզբից, այս տարվա 9 ամիսների հետ միասին, կազմել է 356 մլն.դրամ:
Նշենք, որ ֆինանսական հաշտարարի ծառայությունները Հայաստանում գործում են 2009 թվականից, մատուցվում են անվճար, իսկ ֆինհաշտարարի աշխատանքի դիմաց վճարում են իրենք, ֆինանսական կազմակերպությունները: