Արմինֆո. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 21-ին կայացած նիստում քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2016 թվականի ներդրումային ծրագրի ճշգրտումներին և 2016-2020 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին հանձնաժողովի մամուլի ծառայությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016-2020 թվականների ներդրումային ծրագրին շուրջ 97 մլրդ դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի:
Աղբյուրի համաձռայն, ներդրումային ծրագիրն ուղղված է հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների կրճատմանը, անվտանգության ապահովմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, սարքավորումների արդիականացմանը, կորուստների կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի բարելավմանը, ինչպես նաև՝ ընկերության բնականոն գործունեությունը ապահովելու համար այլ աշխատանքների իրականացմանը:
Ինչպես նշել է ՀԷՑ ՓԲԸ ներդրումների վարչության պետ Յուրի Գավրիլենկոն, ծրագրով նաև նախատեսվում է շահագործման ծախսերի առնվազն 10% կրճատում` 2015 թվականի ցուցանիշների համեմատ: Նախատեսվում է նաև աշխատակիցների կրճատում մինչև 6800 մարդ:
«'Հայաստանի էլեկտրական ցանցեր»' ՓԲ ընկերությունը ստեղծվել է 2002թ. մայիսին չորս պետական տարածաշրջանային էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման ցանցերի («'Երևանի էլեկտրական ցանցեր»', «'Հյուսիսային էլեկտրական ցանցեր», «Հարավային էլեկտրական ցանցեր» և «Կենտրոնական էլեկտրական ցանցեր») միաձուլման արդյունքում: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազ. կմ: Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով: Ընկերությունը սպասարկում է մոտ 985 000 սպառողի: