Արմինֆո. Հայաստանի ընկերությունները չեն գիտակցում թվային տեխնոլոգիաների կիրառման արժեքը և կարևորությունը`որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորությունների: Մայիսի 30-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հետ «Բիզնեսի թվայնացում» միջոցառման ընթացքում:
«Հուսով եմ, որ իրավիճակը շուտով կփոխվի և գործարարները կվերաիմաստավորեն թվային տրանսֆորմացիայի դերն ու նշանակությունը բիզնես-գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու համար: Իսկ Հայաստանում Windows-ի կեղծ տարբերակների օգտագործումն ամենաբարձր է տարածաշրջանում`56%»,-ասել է նա:
Իսկ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գործադիր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանը նշել է, որ այսօր թվային ծառայություններից օգտվում է բանկի հաճախորդների մոտ 10-15%-ը: «Նման միջոցառումների անցկացման շնորհիվ մենք ուզում ենք բարձրացնել բիզնես-կազմակերպությունների իրազեկվածությունը թվայնացման առավելությունների հարցում»,-ընդգծել է նա:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, Ն.Հովհաննիսյանը պարզաբանել է, որ թվայնացման շնորհիվ տաղանդավոր և գաղափարական մարդկանց այն ոչ մեծ խումբը, որն օգտագործում է թվային տեխնոլոգիաներ, կարող է արժանի մրցակից դառնալ խոշոր բիզնեսին, անկախ նրանից, թե որքան ներդրումներ է արել այդ խոշոր ընկերությունն իր բիզնեսում: «Բանկը հետաքրքրված է «Մայքրոսոֆթ»-ի հետ համագործակցության մեջ, քանի որ թվային տեխնոլոգիաների կիրառման ակտիվացումով Բանկը կարող է ընդլայնել գործառնությունների շարքը, հաճախորդների բազան, ֆինանսավորման ծավալները և զգալի ավանդ ներդնել Հայաստանի տնտեսությունում»,-հավելել է Ն.Հովհաննիսյանը:
Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ժամանակակից ծրագրային լուծումներ, որոնք կօգնեն անցնել թվայնացմանը, բարձրացնելով բիզնեսի արդյունավետությունը, ճկունությունը և հասանելիությունը: Ն.Հովհաննիսյանը և Լ.Կորկոտյանն ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակներում կողմերը մտադիր են նպաստել բիզնես-գործընթացների արդյունավետության և ՓՄՁ սուբյեկտների մրցունակության բարձրացմանը:
Նշենք, որ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն Հայաստանում գործում է 1995 -ից: 2006 թվականի սեպտեմբերից բանկի մեծամասնական բաժնետերերն են`եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15,56% բաժնեմասով, SJSC «Sacam International» բաժնետիրական ընկերությունը (Credit Agricole S.A խմբի անդամ)` 12,44%, ինչպես նաև գյուղացիկաան փոխօգնության 10 տարածաշրջանային միություններ:
Մասնաճյուղերի ցանցի ընդգրկմամբ բանկը լավագույն հնգյակում է, իսկ մարզային մասնաճյուղերի թվով`երրորդն է: ՓՄՁ ոլորտի վարկավորման ծավալով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գտնվում է առաջատարների տսնյակում, 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ արձանագրելով 37.5 մլրդ դրամ կամ վարկային պորտֆելի 19.1% -ը: Բանկն ավանդաբար առաջատար է գյուղվարկավորման հատվածում, միաժամանակ ակտիվորեն ֆինանսավորելով նաև տնտեսության մյուս ոլորտները, առաջատար հանդիսանալով նաև մանրածախ վարկավորման հատվածում: