
Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել «Հայաստանի թվայնացման օրակարգ» աշխատաժողովի բացմանը, լսել ներկայացված զեկույցներն ու փորձագիտական առաջարկությունները: Աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Զարգացում և ռազմավարական ուսումնասիրություններ» ծրագրի օժանդակությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատաժողովի նպատակն է ազդարարել Հայաստանի թվայնացման օրակարգի մշակման մեկնարկը և պատրաստել օրակարգի փաստաթղթի նախագիծը՝ հաշվի առնելով հայաստանյան իրավիճակը, ներկայիս կարիքները և թվայնացման ոլորտում միջազգային միտումները:
Աշխատաժողովը տևելու է երկու օր: Առաջին օրը նվիրված է լինելու թվային ռազմավարությունների միջազգային միտումներին և Հայաստանում դրանց կիրառման հնարավորություններին․ ներկայացվելու են տարբեր երկրների թվային ռազմավարությունները և այս համատեքստում՝ Հայաստանի համար քաղված դասերը: Երկրորդ օրվա ընթացքում կառավարության ներկայացուցիչները և փորձագետներն աշխատելու են «Հայաստանի թվայնացման օրակարգ» փաստաթղթի նախագծի վրա։ Նախատեսվում է, որ ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարեվերջ:
RUB | 4.90 | 0.01 |
USD | 381.47 | -0.04 |
EUR | 449.14 | -0.89 |
GBP | 514.56 | -1.05 |
CAD | 278.81 | -0.23 |
JPY | 24.39 | -0.07 |
CNY | 54.44 | -0.02 |
CHF | 483.12 | -1.71 |

