Արմինֆո. ՀՀ կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ է արել պատշաճ ուշադրություն հատկացնել հայկական ապրանքանիշների որակին:
Գինու մթերման գործընթացի արդյունավետության բարձրացման, գինու հումքի որակի մոնիտորինգի և առկա ռիսկերը վերացնելու նպատակով Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է պարբերաբար, մեկ շաբաթվա ընթացքում, ամփոփել մթերող ընկերությունների կողմից խաղողի գնման արդյունքները:
Գործադիրի ղեկավարը հանձնարարել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին սահմանված տեղեկատվության հիման վրա համապատասխան ձեռնարկություններում իրականացնել մոնիթորինգ՝ առկա գինենյութերի ծավալները մթերված խաղողի ծավալների հետ համադրելու նպատակով և արդյունքների հիման վրա ներկայացնել առաջարկություններ կառավարության աշխատակազմ: «Մենք ունենք կոնյակի և գինու վաճառքի աճի որոշակի տենդենց: Գյուղնախարարը և Հայաստանի զարգացման հիմնադրամը ինտենսիվ աշխատում են շուկան ընդլայնելու ուղղությամբ: Մենք իրականում պետք է ուշադրություն դարձնենք այս արտադրանքի, հայկական բրենդի որակի հսկողության վրա»,-ասել է վարչապետը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գինու արտադրությունը Հայաստանում 2017-ի առաջին կիսամյակում աճել է 29,8%, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմելով 3.8 մլն լիտր, այդ թվում, կոնյակը - 60.9%, մինչև 14 մլն լիտր, իսկ օղու արտադրությունը կրճատվել է 36%, մինչև 2.44 մլն լիտր: Ըստ Մաքսային ծառայության տվյալների, 2016-ին Հայաստանից արտահանվել է 1,8 մլն լիտր գինի, տարեկան աճը`27.7%, որի մաքսային արժեքն աճել է 43.6%, կազմելով $ 5,9 մլն. Առաջին կիսամյակում գինու արտահանումն աճել է 61%, մինչև 1271.9 հազար լիտր, ընդ որում մաքսային արժեքն աճել է 84,3%, կազմելով $ 4.7 մլն: