Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2017 16:07
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2017 թ. աջակցել է ավելի քան 4700 ՓՄՁ-ի

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2017 թ. աջակցել է ավելի քան 4700 ՓՄՁ-ի

Արմինֆո. Դեկտեմբերի 28-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը: Միջոցառման ընթացքում ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և ոլորտային պատասխանատուները հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին և մյուս հոգաբարձուներին ներկայացրեցին հաշվետվությունը և հիմնական արդյունքները՝ ըստ աջակցության ուղղությունների:

Ինչպես տեղեկացնում է ՓՄՁ ԶԱԿ մամուլի ծառայությունը, 2017 թ. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության հիմնական արդյունքներն են՝ 81 սկսնակ և գործող ՓՄՁ-ների տրամադրվել է շուրջ կես միլիարդ դրամի վարկային երաշխավորություն, որոնցից 9-ին՝ ՀՀ վարչապետին ներկայացված ներդրումային ծրագրերի շրջանակներում: 

Աջակցության արդյունքում 81 ՓՄՁ ներգրավել է շուրջ 1.1 մլրդ դրամի սեփական ներդրում: Հիմնվել և ընդլայնվել են բազմաթիվ հյուրատներ, ջերմոցային տնտեսություններ, չրերի արտադրություններ, կաթի վերամշակման արտադրամասեր, և այլն: Իսկ բոլորովին վերջերս  Վայոց Ձորի Գոմք համայնքում, բացվել է  ձիարշավարան, որը հանդիսանում է նաև զբոսաշրջային կենտրոն: 

Ըստ հաստատված գործարար ծրագրերի, նախատեսվում է ստեղծել շուրջ 330 նոր աշխատատեղ, որոնցից մոտ 50%-ն արդեն ստեղծվել է:

11 շահառու ստացել են դրամաշնորհներ՝ սարքավորումների տեսքով:

Ուսուցողական աջակցություն է ստացել 710 սկսնակ գործարար և ՓՄՁ սուբյեկտների ներկայացուցիչ: Այդ թվում՝ 464 սկսնակ ձեռնարկատեր մասնակցել է Հայաստանի 10 մարզերում իրականացված, «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցությունե 31 ծրագրի և ստացել իրատեսական գործարար ծրագիր կազմելու համար անհրաժեշտ գիտելիք: 264 շահառուների տրամադրվել է տեխնոլոգիական աջակցություն՝ չրագործության, պանրագործության, մշակաբույսերի պատվաստման, սննդի անվտանգության և հիգիենայի, ջերմոցների կառուցման, շահագործման և այլ ոլորտներում: Շուրջ 4700 սկսնակ և գործող ՓՄՁ-ների տրամադրվել է տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն ավելի քան 10000 անգամ:

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և ՓՄՁ ԶԱԿ-ի գլխավորած կոնսորցիումի կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճմանե (USAID/PRP) ծրագրի շրջանակում Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում իրականացվել է 11 ենթակառուցվածքային ծրագիր, որոնցից կօգտվեն 26 համայնքների բնակիչներ:

Արմավիրի մարզի Սարդարապատ և Արևաշատ համայնքներում շահագործման են հանձնվել վերակառուցված ոռոգման ջրատարի կարևոր ճյուղերը:  Արևաշատ համայնքում ֆերմերները վերանորոգված ջրագծի շնորհիվ կրկին հնարավորություն կունենան մշակելու սեփական հողերը, ինչը մինչև այդ չէին կարողանում անել ոռոգման բացակայության պատճառով: Վայոց Ձորի Վերնաշեն համայնքում կառուցվել է գործող ջրագծից դուրս եկող նոր ճյուղ, որը ծառայելու է համայնքի 110 ընտանիքի ավելի քան 60 հեկտար այգիները ջրելու համար:  Ջրագծի շնորհիվ այդ տարածքներում հիմնվելու է մոտ 20 հեկտար ծիրանի նոր այգի:

Շիրակի մարզի Փանիկ և Մեղրաշեն համայնքներում շահագործման են հանձնվել արոտավայրերի ջրարբիացման համակարգեր՝ ընտանի կենդանիների համար նախատեսված խմոցներով: Ակնկալվում է, որ նոր խմոցների շնորհիվ կենդանիների կաթնատվությունը կբարձրանա 20%-ով, ինչը կավելացնի բնակիչների եկամուտները: Ծրագրի շրջանակում ստեղծվել է գյուղատնտեսական սպասարկման մեկ գրասենյակ: Բերդ համայնքին տրամադրվել է հացահատիկահավաք կոմբայն:

Ծրագրի ջանքերով Ենոքավան համայնքում բացվել է զբոսաշրջային կենտրոն և  ստեղծվել է համայնքի զարգացման ռազմավարությունը:

Իրականացվել են բրենդավորման և շուկայում առաջ մղման մի քանի միջոցառումներ:Բնապահպանական ծրագրեր են իրականացվել Զորական,Բերդավան և Բագրատաշեն համայնքներում:

ԵՄ հետ համատեղ և պետական համաֆինանսավորմամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումըե ծրագրի շրջանակում տեղական ինքակառավարման մարմինների և փոքր ու միջին բիզնեսին աջակցող կառույցների 60 ներկայացուցիչ մասնակցել է կարողությունների զարգացման դասընթացներին:

Կազմակերպվել են աշխատանքի տոնավաճառներ Վանաձորում և Արմավիրում:

Հայ-ճապոնական «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանումե ծրագրի շրջանակում 20 ՓՄՁ-ների ներկայացուցիչներ մասնակցել են վերապատրաստման դասընթացների Ճապոնիայում և Թաիլանդում: