Արմինֆո. Մոսկվայի նկատմամբ հերթական պատժամիջոցները կարող են նվազեցնել ԵԱՏՄ երկրների հետ ռուսական առևտրի և ներդրումների ծավալները, կանխատեսում է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի Ռուսաստանի և Եվրասիայի գծով խորհրդական, ԱՄՆ Անվտանգության խորհրդի ռուսական բաժնի նախկին տնօրեն, Kissinger Associates-ի տնօրեն Թոմաս Գրեմը:
Նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախապատրաստել է «կրեմլյան զեկույց՚, որում ներառվել է 210 մարդ` Ռուսաստանի 114 խոշոր պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև Ֆորբսի միլիարդատերերի ցուցակի ռուսական մասի առաջին 96 գործարարները: Հունվարի 30-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարեց մոտ ապագայում նոր հակառուսական պատժամիջոցներ կիրառելու մասին:
«Իհարկե, հստակ թվերի և ծավալների մասին խոսել այսօր վաղաժամ է: Սակայն, ԵԱՏՄ, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիներն արդեն այսօր պետք է կողմնորոշվեն, թե արդյոք պատրաստ են ռիսկի գնալ հանուն Ռուսաստանում բիզնես վարելու՝ այն անձանց հետ, ովքեր արդեն ենթարկվել և հետագայում կարող են ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցներին: Կարծում եմ, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների վերաբերյալ որոշում կընդունվի՝ ԱՄՆ եվրոպացի գործընկերների հետ համակարգմամբ»,- նշել է նա:
Վերլուծաբանի կարծիքով, աջակցելով կենտրոնաասիական երկրների ինքնիշխանությանը՝ Վաշինգտոնում ձգտում են վերջիններիս ավելի ինտեգրված տեսնել համաշխարհային տնտեսությանը: Եվ չնայած Կենտրոնական Ասիան Ռուսաստանից պոկելու՝ Վաշինգտոնում որոշակի ուժերի ձգտմանը՝ ԱՄՆ-ը ընդհանուր առմամբ առանձնակի ջանքեր այդ ուղղությամբ չի գործադրում: Այս առումով, Գրեմի կարծիքով, տարածաշրջանում ռուսական ազդեցության համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում Չինաստանի ակտիվությունը:
«ԵԱՏՄ-ն պրոտեկցիոնիզմի հիման վրա տնտեսական զարգացման ծրագիր է, մինչդեռ Պեկինի «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնությունը կենտրոնացած է մեծ Եվրասիական տարածաշրջանում տնտեսական ինտեգրման վրա: Այս առումով, չնայած այդ երկու քաղաքականության ներդաշնակեցման մասին խոսակցություններին, կարծում եմ, դրանք տրամագծորեն հակադիր նպատակներ են հետապնդում»,- գտնում է Գրեմը: