Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի միջև Աբխազիայով և Վրաստանով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը համապատասխանում է Երևանի և Մոսկվայի տնտեսական շահերին:
Ինչպես գրում է «Պառլամենտսկայա գազետան՚, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի կանոնակարգի վերահսկողության կոմիտեի նախագահի տեղակալ Օլեգ Նիլովը: Նա կարծում է, թե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները նորմալ են, այդ նախագծի իրագործումը մեծապես կախված է Թբիլիսիի ու Երևանի դիվանագիտական ջանքերից: «Շատ կարևոր է, որպեսզի երկաթուղին ոչ մի մտավախություն չհարուցի վրացական կողմում՚, - նշել է ռուսաստանցի պատգամավորը, համոզմուքն հայտնելով, որ այդ նախագծում ցանկացած ներդրում բավականին արագ կվերադարձվի:
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանից Հայաստան երկաթուղին կարող էր աշխատել նաև ի շահ Կենտրոնական Ասիայի երկրների, հավելելով, որ Հայաստանն առանձին չի կարող լինել այդ տնտեսական նախագծի շահառու: «Սակայն նման ծրագրերը կամրապնդեին մեր հարաբերությունների քաղաքական բաղադրիչը, և ես լիովին պաշտպանում եմ այդ գաղափարը՚, - հայտարարել է հայ դիվանագետը:
Հիշեցնենք, որ «Վերին Լարս՚ անցակետը, որով նախորդ դարի 90-ական թվականներից անցնում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միակ ցամաքային ճանապարհը, ձմռան շրջանում պարբերաբար փակվում է ձյան առատ տեղումների, իսկ գարնանը` սելավների պատճառով: Հաշվի առնելով բանակցությունները Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ և Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 26-ին կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել էր ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ: Որպես այլընտրանք, որը պահանջտում է տարածաշրջանի երկրների քաղաքական որոշում, կարող են ծառայել Հարավային Օսիայի և Աբխազիայի կոնֆլիկտային գոտիներով Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհները:
Հիշեցնենք, որ 2013-ի հունվարին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հնարավոր էր համարել ռուս-հայկական երկաթուղու վերաբացումը, որն անցնում է Աբխազիայի տարածքով: Այն ժամանակ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ բոլոր կողմերի համաձայնության դեպքում հնարավոր կլինի վերաբացել երկաթուղին: Բրիտանական International Alert ոչ կառավարական կազմակերպության հետազոտությունների համաձայն, 1991 թվականից ի վեր չգործող Երևան-Թբիլիսի-Սուխում-Սոչի երկաթուղու վերակառուցումը կարժենա 277,5 մլն դոլար, որը կհաջողվի վերադարձնել 100 տարուց ոչ շուտ: 251 մլն դոլար պահանջվում է Փսոու-Ինգուր 190 կմ աբխազական հատվածի վերականգնման համար: Իսկ Զուգդիդից Թբիլիսի և այնուհետև մինչև Երևան երկաթուղին աշխատում է: Ուշագրավ է, որ աբխազ փորձագետների պաշտոնական եզրակացությունների համաձայն, այդ գումարը կազմում է 350-400 մլն դոլար, մինչդեռ նրանց վրացի գործընկերները կարծում են, որ դրա համար կպահանջվի 73 մլն դոլարից ոչ ավելի:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ