Արմինֆո. «Բոլոր տեսակի փոխադրամիջոցների միջև կապերի ամրապնդումը` կայուն զարգացման բնագավառի նպատակների իրագործան համար՚ բանաձևում հաստատվում է կայուն փոխադրումների դերի բարձրացումը աշխատատեղերի ստեղծման, շարժունակությանն աջակցության և լոգիստիկ շղթաների արդյունավետության մեծացման գործում: Փետրվարի 15-ին Երևանում ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մուհամեդնիազ Մաշալովը` անդրադառնալով Թուրքմենստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի ընդունած «Բոլոր տեսակի փոխադրամիջոցների միջև կապերի ամրապնդումը կայուն զարագցման բնագավառի նպատակների իրագործան համար՚ բանաձևին: Դեսպանի հավաստմամբ, բանաձևի համահեղինակ են 74 պետություններ: Դեսպանն ընդգծել է, որ վերը նշված բանաձևը կոչ է անում ջանքեր գործադրել տարածաշրջանային և միջտարածաշրջանային տնտեեսական ինտեգրման և համագործակցության խրախուսման համար:
Նա , միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Թուրքմենստանը վեր է ածվում պողպատյա մայրուղիների կարևագույն քառուղու, Եվրասիայի խոշոր տրանսպորտային տարանցիկ կենտրոնի: Նա փաստել է, որ թուրքմեն երկաթուղային շինարարները ակտիվ աշխատանք են տանում մինչև Աֆղանստանի Թուրգունդի քաղաք երկաթգծի անցկացման ուղությամբ, որի մեկնարկը տրվել է 2017 թվականի նոյեմբերին: Դեսպանը նաև հիշատակել է Թուրքմենստանում արդեն գործող խողովակաշարերից զատ Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան գազամուղի շինարարության մասին, որի մեկնարկը տրվել է անցած դեկտեմբերին: Դեսպանը տեղեկացրել է, որ փետրվարի 23-ին մեկնարկում է ՏԱՊԻ գազամուղի հերթական հատվածի շինարարությունն Աֆղանստանի հետ սահմանին, ինչպես նաև Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան էլեկտրահաղորդման գծի շինարարությունը: Այդ համատեքստում դեսպանն ընդգծել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը դառնում է արդյունավետ միջազգային գործընկերության կարևորագույն պայմաններից մեկը: «Թուրքմենստանի գործուն մասնակցությամբ ստեղծվող նոր մայրուղիները մեծացնում են մեր տարածաշրջանի դերը Եվրասիայի տարածքում կայուն զարգացման ապահովման գործում՚, - եզրափակել է դեսպանը: