Հինգշաբթի, 19 Հուլիսի 2018 18:11
Ալեքսանդր Ավանեսով

Սուրեն Ազատյան. Ի տարբերություն արտադրող այլ օբյեկտների` ատոմային էներգետիկան սխալները չի ներում

Սուրեն Ազատյան. Ի տարբերություն արտադրող այլ օբյեկտների` ատոմային էներգետիկան սխալները չի ներում

Արմինֆո. Ի տարբերություն արտադրող այլ օբյեկտների` ատոմային էներգետիկան սխալները չի ներում: Հուլիսի 19-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի միջուկային էներգետիկայի վետերանների միության նախագահ, ՀԱԷԿ նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը:

 

Նրա ասելով, Հայաստանի միջուկային էներգետիկայի խնդիրներին անհրաժեշտ  է մոտենալ կշռադատված` հաշվի առնելով առկա բոլոր մարտահրավերները: Այդ համատեքստում Միությունը նամակ է հղել վարչապեին` առաջարկելով լսումներ կազմակերպել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ և  էներգետիկ  ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտադիր մասնակցությամբ: Մասնագետը հիշեցրել է, որ այժմ կայանում իրագործվում է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիր, որը պետք է շահագործման հանձնվի մինչև դեկտեմբերի 31-ը: Հակառակ դեպքում, ՀԱԷԿ օրական պարապուրդը ծանր բեռ կլինի սպառողների համար:

 

«Հաշվի առնելով ԱԷԿ ամենացածր սակագինը` 1 կՎտ/ժ դիմաց 8,9 դրամ` կայանի պարապուրդը օպերատորին կստիպի ջերմային էներգետիկայի օբյեկտներից ձեռք բերել չորս անգամ ավելի թանկ էլեկտրաէներգիա, իսկ դա օրական 240 մլն դրամ վնաս է՚, - նշել  Սուրեն Ազատյանը` վկայակոչելով էներգետիկայի նախարարի տվյալները: Նա նաև կոչ է արել ծրագիրն իրագործելիս հաշվի առնել բոլոր նրբությունները, հատկապես, անցկացվող աշխատանքների անվտանգության և որակի ապահովման տեսանկյունից:

 

Սուրեն Ազատյանը խնդրահարույց է համարել նաև նախագծում հայկական ընկերությունների ցածր ներգրավվածությունը: «Ես ռուսաստանցի գործընկերներին առաջարկել եմ ուսումնասիրել հայրենական ընկերությունների կոնսորցիում ստեղծելու հարցը` ենթակապալառուների ծրագրերի կատարման համար, սակայն այդ նախաձեռնությունը ընկալում չգտավ՚, - ասել է նախկին գլխավոր տնօրենը: Նա դժգոհություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ աշխատանքները, որոնք կարող են կատարել հայ մասնագտեները, վերահասցեավորվել են ռուսաստանցիներին, որոնք էլ չորս և հինգ անգամ ավելի աշխատավարձ են ստանում, քան հայ գործընկերները: «Այդ ամենը չի կարող մտահոգություն չհարուցել և կարող է հանգեցնել բացահայտ սաբոտաժի հենց կայանի աշխատակիցների կողմից: Առավել ևս, որ աշխատանքի զգալի մասը, ընդհանրապես, ֆինանսական ներդրում չի պահանջում, բավական է օգտագործել  ընդամենը վեց տարի աշխատած առաջին բլոկի հնարավորությունները որպես երկրորդի համար դոնոր՚, - ընդգծել է Սուրեն Ազատյանը:

 

Նա նաև չի բացառել բյուջեի սահմաններից  վարկային ծրագրի դուրս գալը, որը ֆինանսավորում է    ռուսաստանի կառավարությունը: «Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա ամեն բան հնարավոր է՚, - ընդգծել է կայանի նախկին ղեկավարը` պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին: Նա նաև նշել է, որ  կայանի աշխատակիցները պետք է ներկա լինեն աշխատանքների անցկացմանը կամ նոր սարքավորման տեղադրմանը, ինչն, ըստ էության, տեղի չի ունենում: «Ռուսաստանցի մասնագետները վերջնական արդյունքում կմեկնեն, իսկ շահագործողն ստիպված կլինի աշխատել նոր սարքավորման վրա, որի մասին ունի սոսկ ընդհանուր պատկերացում՚, - նշել է Սուրեն Ազատյանը, նշելով նաև երիտասարդ կադրերի պատրաստման կարևորությունը երկրի միջուկային էներգետիկայի համար: Հիշեցնենք, որ 300 մլն դոլար արժողությամբ նախագծի գլխավոր կապալառուն «Ռուսատոմ սերվիս՚ ընկերությունն է, իսկ պատվիրատուն` ՀԱԷԿ-ը:  Ծրագիրն իրագործվում է ՌԴ կառավարության 270 մլն դոլարի վարկի և 30 մլն դոլար դրամաշնորհի հաշվին: Նախագիծը նախատեսվում է իրագոծել մինչև 2019 թվի վերջը, ինչը թույլ կտա կայանը շահագործել ևս 10 տարի: