
Արմինֆո. Հայաստանի արժեթղթերի կարգավորվող շուկայի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել կորպորատիվ եվրապարտատոմսերի առևտուր Հայաստանի ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի առևտրային հարթակում. գործարքի ծավալը՝ 600 հազար ԱՄՆ դոլար։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին AMX մամուլի ծառայությունից, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի եվրապարտատոմսերը (XS2080321198), որոնք միջազգային կապիտալի շուկայում թողարկել է «Դիլիջան ֆայնենս Բ.Վ.» ընկերությունը, ցուցակված են նաև Հայաստանի ֆոնդային բորսայում։ 300 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով այս եվրապարտատոմսերն ունեն 5 տարի մարման ժամկետ և տարեկան 6.5% արժեկտրոնային եկամտաբերություն։ Արժեթղթի գնման նվազագույն լոտը կազմում է 200000 ԱՄՆ դոլար։ Այս թողարկման պարտատոմսերի Անվանական արժեքը՝ $ 1000 յուրաքանչյուրը:
ԱրմԻնֆո-ի տվյալներով, Արդշինբանկի այս եվրապարտատոմսերը կապիտալի միջազգային շուկայում ՝ «Դիլիջան ֆայնենս Բ.Վ.» ընկերության կողմից թողարկվել են 2020 թվականի հունվարին: Ներկայում այդ եվրապարտատոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայի AMX (ս.թ. հունիսի 30 - ից) և Իռլանդիայի ֆոնդային բորսայի (Euronext Dublin) ցուցակում: Եվրապարտատոմսերն ունեն Moody ' s-ի "Ba3" եւ Fitch-ի "B+" վարկանիշ: Այդ եվրապարտատոմսերի քլիրինգն իրականացվում է DTC, Euroclear և Clearstream համակարգերում, իսկ հայ ներդրողներին դրանք հասանելի են Clearstream Banking Luxemburg-ի հետ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի համագործակցության շնորհիվ: Որպես թողարկման կազմակերպիչներ հանդես են եկել են Սիթիբանկը (Citigroup Global Markets Limited (Citigroup)) եւ Ռենեսանս Կապիտալ ներդրումային ընկերությունը (Renaissance Securities):
Արդշինբանկի կողմից իրականացված այս գործարքն աննախադեպ է Հայաստանի համար, քանի որ երկրի մասնավոր հատվածում միջոցների ներգրավման եւ մեկ գործարքի միջոցով եւ այդ ծավալով օտարերկրյա ներդրումների ապահովման նախադեպ չի եղել: Եվրապարտատոմսերի թողարկման ժամանակ պահանջարկը մոտենում էր 500 մլն դոլարի։ Ներդրողների թիվը գերազանցել է 70-ը. ներդրողների 45 տոկոսը Շվեյցարիայից է, 30 տոկոսը՝ ԱՄՆ-ից, մնացածը՝ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից եւ այլ երկրներից: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Արդշինբանկի թափանցիկության մակարդակը, ռիսկ-պրոֆիլը եւ ռազմավարությունը ընդունելի են միջազգային ներդրողների համար եւ համապատասխանում են ընդունված միջազգային չափանիշներին:
2020թ.սեպտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանի AMX ֆոնդային բորսայում, չհաշված եվրապարտատոմսերի վերը նշված տրանշը, ցուցակված է Արդշինբանկի պարտատոմսերի 8 տրանշ. 6 դոլարային' 34 մլն դոլար ընդհանուր ծավալի, եւ 2 դրամային՝ 4.5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով:
Հիշեցնենք, որ Արդշինբանկն առաջին մասնավոր ընկերությունն է Հայաստանում, որը եվրոպարտատոմսեր է թողարկել կապիտալի միջազգային շուկաներում: 75 մլն ԱՄՆ դոլարի առաջին թողարկումն իրականացվել է 2014 թվականին։ Երկրորդը՝ 100 մլն դոլարի չափով, կայացել է 2015 թվականի հունիսին։ Եվ 2020 թվականի հունվարին հաջորդեց երրորդը՝ վերը նշված 300 մլն դոլար գումարի։
ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 30.06.2010 թ. տվյալներով, Արդշինբանկն առաջատար է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների ծավալով' 152.6 մլրդ դրամ (316.4 մլն դոլար)' ապահովելով գրեթե 5 անգամ տարեկան աճ, իսկ միայն ս.թ. առաջին կիսամյակում' 14.3 անգամ: Այս ցուցանիշի ընդհանուր ծավալում բանկային շուկայում Արդշինբանկին բաժին է ընկնում շուրջ 44% - ը: 2020թ. առաջին կիսամյակը Արդշինբանկն ավարտել է 6.8 մլրդ դրամի ($14.1 մլն) առաջատար զուտ շահույթով' այդ ցուցանիշի 30.2% տարեկան աճով: Արդշինբանկը առաջատար է նաեւ առեւտրային գործառնություններից զուտ շահույթով՝ 1 - ին կիսամյակի ընթացքում 4 մլրդ դրամ (8.3 մլն դոլար ՝ տարեկան 2 անգամ աճով), որից 2 մլրդ դրամը (4 մլն դոլար ՝ տարեկան 12 անգամ աճով) ստացվել է արժեթղթերին առնչվող գործառնություններից:
Նշենք, որ Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկերից է' մասնաճյուղերի լայն ցանցով եւ բջջային բանկինգի ժամանակակից հնարավորություններով: Բանկն ունի Moody ' s և Fitch միջազգային վարկանիշային գործակալությունների վարկանիշ, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարկանիշի մակարդակին: Տարբեր ժամանակներում տարբեր մասնագիտական ամսագրեր եւ վերլուծաբաններ բանկը ճանաչել են Հայաստանի լավագույն բանկ, տարվա բանկ եւ ամենահուսալի բանկ: