14:58
 Ուրբաթ, 29 Հունվարի 2021 14:58
Ալեքսանդր Ավանեսով

Ռուսաստանցի փորձագետ. ԵԱՏՄ երկրների դրամավարկային քաղաքականության տարբերությունները արգելակում են եվրասիական ինտեգրման գործընթացը

Ռուսաստանցի փորձագետ. ԵԱՏՄ երկրների դրամավարկային քաղաքականության տարբերությունները արգելակում են եվրասիական ինտեգրման գործընթացը

Արմինֆո Եվրասիական տնտեսական միության երկրների դրամավարկային քաղաքականության տարբերությունները, անկասկած, արգելակում են եվրասիական ինտեգրման գործընթացը։ Այդ մասին հունվարի 29-ին Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների սեկտորի վարիչ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Արտյոմ Պիլինը։

 

Նրա խոսքով ՝ տարբերությունները զգալի են նավթի եւ գազի շուկայում վատթարացող կոնյունկտուրայի ֆոնին։ ԵԱՏՄ հիմնական նավթ ու գազ արտահանողները՝ ի դեմս Ռուսաստանի և Ղազախստանի, էակապես արժեզրկում են իրենց ազգային արժույթները՝ նվազող եկամուտները փոխհատուցելու համար։ Միեւնույն ժամանակ, ներկրող երկրները, որոնց թվին է պատկանում նաեւ Հայաստանը,  այդ արժեզրկումներին դիմակայելու սահմանափակ հնարավորություններ ունեն՝ ներմուծումից մեծապես կախյալության պատճառով։ Եվ այստեղ, ըստ Արտյոմ Պիլինի, շահերի բախում է առաջանում։ Երբ արժեզրկվում են ռուսական ռուբլին և ղազախական տենգեն, դա էապես վատացնում է Հայաստանի համար առևտրի պայմանները։ Բայց, փորձատի համոզմամբ,  պետք է հասկանալ, որ միասնական դրամավարկային քաղաքականության վարումը ԵԱՏՄ երկրների Կենտրոնական բանկերի իրավասությունն է։ Հնարավոր է, որ այս հարցում իր խոսքը պետք է ասի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որը պետք է կոշտ դիրքորոշում որդեգրի, որպեսզի այդ քաղաքականությունը համաձայնեցված բնույթ կրի։

 

Իր հերթին՝ հայ տնտեսագետ Աշոտ Թավադյանը գտնում է, որ այլ պետությունների արժույթների նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը էական փոփոխությունների չի ենթարկվի: Նրա կարծիքով ՝ երկրի Կենտրոնական բանկը նորմալ կարգավորում է այդ գործընթացը։ Սակայն, անորոշության պայմաններում, ըստ փորձագետի, դրամի փոխարժեքի որոշ տատանումներ չեն բացառվում։

 

Նման տեսակետ ունի նաև մեկ այլ հայ տնտեսագետ՝ Թաթուլ Մանասերյանը, ով մատնանշել է այս հարցում օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների առկայությունը։ Նա նշել է, որ այս տարի սպասվում է մասնավոր փոխանցումների որոշակի աճ, ինչպես նաեւ միջոցների ներհոսք մի շարք միջազգային կառույցներից, այդ թվում ՝ ԵԱԶԲ-ից եւ ՎԶԵԲ-ից: