
Արմինֆո. Հայկական Krisp ընկերությունը 9 մլն ԱՄՆ դոլար ներդրում է ներգրավել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նա հայտնել է, որ նախորդ տարի ընկերությունը ևս 5 մլն էր ներգրավել։ <Կրիսպն օգտագործում է արհեստական բանականությունը` ավելորդ աղմուկի չեզոքացման նպատակով։ Հատկապես համավարակի տարածման ընթացքում, ընկերությունը զարգացման նոր հնարավորություն ստացավ և ձեռք բերեց նոր պայմանագրեր աշխարհահռչակ ընկերությունների հետ։
Շնորհավորում եմ թիմին և նոր հաջողություններ մաղթում>,- նշել է նախարարը։
Մինչդեռ, հարկ է նշել, որ Krisp Technologies, Inc. ընկերությունն ունի հայկական արմատներ, սակայն գրանցված է և գործում է Կալիֆոռնիայի Բերկլի քաղաքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակոբ Արշակյանը հայտնել էր, որ 2020 թվականին գիտահետազոտական կենտրոններ ունեցող եւ համապատասխան արտադրանք ստեղծող հայկական ստարտափներին հաջողվել է արտաքին շուկաներից ներգրավել $50 մլն ներդրում: Դրա հետ մեկտեղ նա պատմել է, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների շրջանառությունն անցած տարվա ընթա ցքում աճել է 20,6 տոկոսով ՝ կազմելով 198 մլրդ դրամ: Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ողջ ոլորտի հասույթը 2020թ. արդյունքներով հասել է 318.1 մլրդ դրամի (մոտ 650.6 մլն դոլար)՝ տարեկան վաղեմության ցուցանիշը գերազանցելով 2,8% - ով: Սա աճի դինամիկայի ընդհանուր նվազումն է, որը հիմնականում պայմանավորված է երկրի կապի օպերատորների եկամուտների անկմամբ։