Արմինֆո.Հաշվի առնելով հսկայական ծախսերը, որոնք պարբերաբար կրում են Հայաստանում արտահանման-ներմուծման գործողությունների մասնակիցները "Վերին Լարս" ՀԱԿ-ի միակ ցամաքային ճանապարհի փակման ժամանակ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբնյանը խոստացել է, որ կանի հնարավորը ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային Լարսի նկատմամբ այլընտրանքի ապահովման համար: Այդ մասին նախարարն ասել է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցում։
Այդ կապակցությամբ նա հաղորդել է, որ արդեն կա մի քանի տարբերակ, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։ Սակայն այս փուլում, ըստ Քերոբյանի, աշխատանքներ են տարվում կոնկրետ նախագծի վրա, որն այլընտրանք է Վերին Լարսին եւ կապված չէ ճանապարհների "քաղաքական" ապաշրջափակման հետ։ Չբացելով փակագծերը՝ նախարարը միայն նշել է, որ այդ այլընտրանքը Ռուսաստանի հետ կանոնավոր հաղորդակցություն է նախատեսում՝ անկախ Վերին Լարսի վիճակից։
Նշենք, որ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղին (Ռազմավիրական ճանապարհ) ՌԴ-ի հետ միացնում է Անդրկովկասյան երկու պետությունները՝ Վրաստանն ու Հայաստանը, հանդիսանալով բացարձակ անայլընտրանք ավտոմոբիլային ճանապարհ, առաջին հերթին, Հայաստանի համար: Ընդ որում, "Վերին Լարս" սահմանային անցակետը Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գործող միակ սահմանային անցակետն է։
Միեւնույն ժամանակ, դեռեւս մարտի սկզբին ԶԼՄ-ները հաղորդել էին, որ գարնանը Վրաստանում ձեռնամուխ կլինեն Ռազմավիրական ճանապարհի նոր հատվածի շինարարությանը, որը կապահովի անխափան երթեւեկություն սահմանով եւ թույլ կտա կրճատել պարբերաբար առաջացող խցանումները: Հաղորդվում էր, որ 22,7 կմ երկարությամբ ճանապարհը կկառուցվի Քվեշեթի-Քոբի հատվածում։ Բացի այդ, կկառուցվի վեց կամուրջ եւ հինգ թունել։ Նոր ճանապարհը շրջանցելու է Վերին Լարսի ճանապարհը։ Վերին Լարսի խնդիրը լուծելու վրացական իշխանությունների ծրագրերի մասին հայտնի է դարձել հունվարի 19-ին ։ Հնարավոր է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հենց այդ այլընտրանքի մասին է խոսել։