Չորեքշաբթի, 11 Մայիսի 2022 16:56
Ալինա Հովհաննիսյան

Երեւանում կկառուցվի մետրոյի եւս մեկ միջանկյալ կայարան

Երեւանում կկառուցվի մետրոյի եւս մեկ միջանկյալ կայարան

Արմինֆո.Առաջիկայում Երեւանում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ, և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի(ANIF) նախագահ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

 

«Այս ծրագրերը էապես վերափոխելու են Երևանի ողջ տրանսպորտային համակարգը և լուծելու են օդի աղտոտվածության՝ Երևանի համար լրջագույն դարձած խնդիրը։ Երեկ, ՎԶԵԲ-ի 2022թ.-ի տարեկան ժողովի շրջանակներում, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպեցինք ՎԶԵԲ-ի Եվրասիայի տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկին և Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Հանսեին։ Ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք վերոնշյալ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները», - գրել է Ավինյանը:

 

Նշենք, որ ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է։ Բանկը ներդրել է ավելի քան 1.6 մլրդ եվրո երկրի ֆինանսական, գյուղատնտեսական, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում ավելի քան 195 նախագծերի համար: Ընդ որում, այդ ներդրումների 91 տոկոսը բաժին է ընկել մասնավոր հատվածին։ Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել է, որ սկսվել է "Աջափնյակ" մետրոյի կայարանի կառուցման գործնական փուլը: Նախագծի ընդհանուր արժեքը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: 2021 թվականի նոյեմբերի վերջին հաղորդվում էր, որ

ռուսական առաջատար "Մետրոգիպրոտրանս" ընկերությունը շահել է  "Աջափնյակ" մետրոյի կայարանի նախագծման համար Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթը: "Մետրոգիպրոտրանս" - ի տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը Հայաստանի կառավարությանն առաջարկել է նաեւ 500 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ մետրոյի զարգացման նախագիծ: "Արտահանման վարկերի եւ ներդրումների ապահովագրման ռուսական գործակալությունը (ԷՍԿԱՐ) պատրաստ է շահավետ պայմաններով աջակցել ծրագրին ։ Այդ միջոցներով մենք կկարողանանք արդիականացնել հին մետրոյի ենթակառուցվածքը, ինչպես նաեւ պլանավորել քաղաքի այն հատվածները, որոնց ուղղությամբ կայարանները կարող են ընդլայնվել", - ասել է Աբրամսոնը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԷՍԿԱՐ-ի հետ վարկային համաձայնագրի հաստատման դեպքում շինարարական աշխատանքները կտեւեն շուրջ 1,5 տարի: Քաղաքային իշխանությունների ծրագրով 525 մետր երկարությամբ մետրոյի նոր կայարան տանող ճանապարհը պետք է անցնի թունով, որի շինարարությունը սկսվել է դեռևս ԽՍՀՄ տարիներին և անավարտ է մնացել ։ Այն ժամանակ անավարտ է մնացել Աջափնյակ կայարանը, նախագծում դրա շարունակությունն է՝ Դավիթաշեն թաղամասից։