Երեքշաբթի, 31 Մայիսի 2022 12:20
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունը GIZ-ի աջակցությամբ մտադիր է զարգացման ռազմավարություն մշակել կահույքի արտադրության ոլորտի համար

Էկոնոմիկայի նախարարությունը GIZ-ի աջակցությամբ մտադիր է զարգացման ռազմավարություն մշակել կահույքի արտադրության ոլորտի համար

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդիպում է ունեցել կահույքի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր նախարարության արդյունաբերության զարգացման` մասնավորապես գերակա ոլորտային թեթև արդյունաբերության աջակցման ծրագրերի շրջանակներում, ուսումնասիրել կահույքի արտադրության ոլորտը, վերհանել առկա խնդիրները և աջակցել հնարավոր լուծումների և ոլորտի զարգացման ծրագրերի մշակման միջոցով:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, առաջիկա երկու ամիսների ընթացքում նախատեսվում է իրականացնել ոլորտի փորձագիտական հետազոտություն` հիմնված արտադրամասերում անհատական այցերի, արտադրողների հետ անհատական քննարկումների, տեղեկատվության հավաքագրման և միջազգային լավագույն փորձի վրա:

Էկոնոմիկայի նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության պատվիրակմամբ գործող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագիրի հետ համատեղ, իրականացնում է մի ծրագիր, որի նպատակն է մշակել ոլորտի խթանմանն ուղղված ռազմավարական ծրագիր և արդյունքում բարելավել կահույքի արտադրանքի ոլորտի  կայուն տնտեսական զարգացման պայմանները և  աջակցել ներառական աճին:

Նշենք, որ Հայաստանում GIZ-ի ներկայացուցչությունը բացվել է 2002 թվականին եւ ներառում է տնտեսական մրցակցությանն աջակցելու, շրջակա միջավայրի պահպանության, կենսաբազմազանության պաշտպանության եւ բնական ռեսուրսների կառավարման, ինչպես նաեւ օրենսդրական եւ իրավական համակարգերում բարեփոխումներ իրականացնելու համար կառավարությանը խորհրդատվություն տրամադրելու նախագծեր:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի կահույքագործության ոլորտի հասույթը մեկ տարվա ընթացքում աճել է 41.8% - ով' ապահովելով 2.4 մլն դոլարի ծավալ: 2021 թվականին ճյուղն ավելացրել է ծավալները 20.8% - ով' մինչեւ 10.6 մլն դոլար: