Երկուշաբթի, 1 Օգոստոսի 2022 21:26
Նաիրա Բադալյան

Հայաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացմանը. փորձագետ

Հայաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացմանը. փորձագետ

Արմինֆո. Այս փուլում Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։ Բացելով դռները թուրքական շուկայի առջև՝ երկիրն այսօր կարող է կորցնել ազգային տնտեսության մի շարք ոլորտներ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ, "Ամբերդ" հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանը։

 

Միեւնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ հարեւան երկրների հետ ցամաքային բաց սահմանները ցանկացած պետության կարեւոր օրակարգ է, քանի որ ցանկացած ճանապարհ ուղի է բացում նոր հնարավորությունների համար, առնվազն՝ ակնկալիքների մակարդակով: Եվ այս համատեքստում բացառություն չէ նաև Թուրքիայի հետ սահմանների ապաշրջափակումը։

 

Բեջանյանի խոսքով, այդ համատեքստում դեռեւս անցյալ տարի, երբ գործարկվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, "Ամբերդ" հետազոտական կենտրոնի փորձագետներն անցկացրել են սահմանի բացման տնտեսական հեռանկարների հետազոտություն եւ գնահատել են դրա հետ կապված հնարավոր ռիսկերը: Ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տվել, որ այս փուլում Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսության առանձին ճյուղերի համար ավելի շատ ռիսկեր է պարունակում, քան՝ հնարավորություններ։

 

Ընդ որում, տնտեսագետը խոստովանում է, որ վաղ թե ուշ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները պետք է բացվեն։ Սակայն դա պետք է անել զգուշորեն և առանց ավելորդ շտապողականության. միայն մի շարք նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց և Հայաստանի տնտեսության հատկապես խոցելի հատվածների համար պաշտպանության ինչ-որ թաղանթ ձևավորելուց հետո։ "Չէ որ՝ դռները բացել թուրքական վիթխարի շուկայի առջև անպատրաստ, նշանակում է տեղական շուկան կամավոր զիջել արտասահմանյան արտադրանքին և խաչ քաշել հայրենական տնտեսության կենսական կարևոր ճյուղերի զարգացման վրա։ Այստեղ առաջանալու է մի շարք ճյուղերի, մասնավորապես, գյուղատնտեսության կենսունակության հարցը, քանի որ ավելի էժան թուրքական ագրոարտադրանքը սպառնում է դուրս մղել տեղականը, ինչը բացասաբար կազդի բնակչության բարեկեցության եւ տնտեսության վրա՝ ընդհանուր առմամբ", - նշում է նա։

 

Ինչևէ, սակայն, ինչպես կարծում է փորձագետը, հաղորդակցությունների ապաշրջափակումն իր մեջ պարունակում է նաև դրական ասպեկտներ, հատկապես, այս փուլում, երբ միջազգային մրրկայնության պայմաններում խախտվել են հաղորդակցության բազմաթիվ ուղիներ և մատակարարման շղթաներ։ Այս տեսանկյունից կգտնվեն առանձին ուղղություններ, կոնկրետ գործարարներ, որոնք կշահեն սահմանների բացումից։ Օրինակ, տրանսպորտի ոլորտի համար դա կնշանակի տարանցման հնարավորությունների ընդլայնում, ելք դեպի ծով և ժամանակի կրճատում։ Սակայն, ինչպես կարծում է տնտեսագետը, եթե մենք խոսում ենք պետության և նրա տնտեսության գլոբալ շահերի մասին, պետք է հարցը դիտարկել համալիր, այլ ոչ թե առաջնորդվել տնտեսության առանձին հատվածների շահերով։

 

Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նախարարության եւ նրա ղեկավար Վահան Քերոբյանի այն գնահատականին, որ միջնաժամկետ հեռանկարում Թուրքիայի հետ սահմանների բացումից տնտեսական աճի արդյունքը կարող է հասնել 30 տոկոսի, ապա, ինչպես նշել է Բեջանյանը, երբ հնչում են նման գնահատականներ, որոշակի թվեր, ցանկալի կլիներ հանրությանը տեղեկացնել նման գնահատականների հիմքում ընկած կոնկրետ հետազոտությունների մասին:

 

Այնդուհանդերձ, փորձագետը համոզված է, որ այս փուլում Հայաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացմանը։ "Նման քայլի գնալու համար Հայաստանը, առնվազն, փորձնական-վերլուծական մակարդակով պետք է վստահ լինի դրա արդյունավետությանը: Մենք պետք է հստակ գնահատենք տնտեսության ճյուղերի հնարավորությունները և հասկանալ, թե հատկապես որ ուղղություններով է ՀՀ-ն առավել խոցելի կլինի։ Այնուհետեւ պետք է մշակել օրենսդրություն տեղական արտադրողին պաշտպանելու համար: Մտածել աջակցության մեխանիզմների, մասնավորապես, սուբսիդավորման, սակագնային քաղաքականության ներդրման մասին, որոնք հայաստանյան տնտեսվարող սուբյեկտների համար կապահովեն կայուն աճի հնարավորություններ, այլ ոչ թե նրանց հաանձնել տեղական շուկայում արտաքին նոր խաղացողների ի հայտ գալիս դեպքի բերմանը", - ամփոփել է Հայկ Բեջանյանը: