Ուրբաթ, 23 Սեպտեմբերի 2022 23:29
Ալինա Հովհաննիսյան

Դմիտրի Վոլվաչ. Մոսկվայի բորսայում ռուբլի-դրամ արժութային զույգով սակարկությունների ծավալներն աճել են ավելի քան 1000 անգամ

Դմիտրի Վոլվաչ. Մոսկվայի բորսայում ռուբլի-դրամ արժութային զույգով սակարկությունների ծավալներն աճել են ավելի քան 1000 անգամ

Արմինֆո. Միայն հուլիս ամսին Մոսկվայի միջազգային արժութային բորսան (ՄՄԱԲ) սկսել է ռուսական ռուբլի-հայկական դրամ (RUB/AMD) արժութային զույգի ուղղակի սակարկությունները, եւ եթե սակարկությունների հենց սկզբում դրանք չնչին գումարներ են եղել, ապա բառացիորեն մի քանի շաբաթվա ընթացքում ծավալներն աճել են ավելի քան 1000 անգամ: Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։

 

Նա ընդգծել է, որ խոսքը հարյուր միլիոնավոր գործառնությունների մասին է, որոնք օրական իրականացվում են այդ արժույթներով ։ "Դա նշանակում է, որ եւ Ռուսաստանի, եւ Հայաստանի բիզնեսը այդ արժույթների իրացվելիության կարիք ունի, քանի որ դրանց միջոցով իրական արտահանման եւ ներմուծման պայմանագրերի վճարում է կատարվում, կամ փոխադարձ ներդրումներ են կատարվում", - ասել է ռուս պաշտոնյան:

 

Վոլվաչը միաժամանակ ընդգծել է, որ ընթացիկ ժամանակահատվածում առկա սահմանափակումներն ու մարտահրավերներն անհրաժեշտ է օգտագործել տնտեսության ավելի արագ աճի եւ զարգացման համար:

 

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Մոսկվայի բորսայի արժութային շուկայում սկսվել է հայկական դրամի վաճառքը։ Ինչպես նշված է Մոսկվայի բորսայի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, սակարկությունների մասնակիցներին և նրանց հաճախորդներին հասանելի կլինեն հետևյալ արժութային զույգերով' հայկական դրամ/ռուսական ռուբլի (AMD/RUB), ԱՄՆ դոլար/հայկական դրամ (USD/AMD):