Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024 15:49
Նաիրա Բադալյան

Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս

Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս

Արմինֆո. Կառավարությունն ապրիլի 18-ի նիստում հավանություն է տվել «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

 

Հիմնավորման համաձայն՝ 2008 թ. կոնվենցիան լրացվել է e-CMR լրացուցիչ արձանագրությամբ, որը բեռնափոխադրման ապրանքատրանսպորտային բեռնագրի էլեկտրոնային եղանակով կառավարման հնարավորություն է տալիս։ e-CMR արձանագրությունը ուժի մեջ է մտել 2011 թ. հունիսի 5-ին։ Արձանագրությանը միացել է 34 երկիր: Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը (e-CMR) դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը, ապահովում է էլեկտրոնային եղանակով մաքսային ընթացակարգերի իրականացումը, նպաստում է լոգիստիկ ծառայությունների էֆեկտիվության և մրցակցության բարձրացմանը։ Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագրի կիրառումը նվազեցնում է տրանսպորտային կազմակերպությունների ծախսերը, արագացնում է վարչարարությունը, նվազեցնում է բեռնափոխադրումների ընթացքում հնարավոր անճշտությունները, դյուրացնում է վերահսկողությունը։ Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին։