Արմինֆո.Եվրասիական տնտեսական միության երկրներում տնտեսական ցուցանիշներն աճում են, սակայն ընդհանուր շուկաների ձևավորման համար, այդ թվում ՝ էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտ են առևտրի բնույթի որակական փոփոխություններ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հունիսի 4-ին Բելառուսի Մինսկի մարզի Նեսվիժ քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Նրա ասելով՝ ԵԱՏՄ զարգացման կարևորագույն գործոնն ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցն է։ "Ակնկալում ենք կառուցողական մոտեցում գործընկերների կողմից, որը թույլ կտա չեզոքացնել առկա մի շարք տարաձայնությունները և առաջընթաց արձանագրել եվրասիական տարածքում ինտեգրման հայեցակարգում ամրագրված առանցքային սկզբունքների իրականացման գործնական քայլերի շրջանակներում", - ասել է փոխվարչապետը:
Գրիգորյանը հավելել է, որ իր առաջին տասնամյակի ավարտին ԵԱՏՄ-ը մոտեցել է զգալիորեն դրական տնտեսական ցուցանիշներով, "սակայն հիմնական նպատակին հասնելը՝ ընդհանուր շուկայի ձևավորումը, կախված է ոչ այնքան անդամ պետությունների փոխադարձ առևտրի ծավալային ցուցանիշներից, որքան դրա որակական բնութագրերից":
ԵԱՏՄ այլ արդիական խնդիրների շարքում Հայաստանի փոխվարչապետն առանձնացրել է տրանսպորտային միջանցքների զարգացումը, միավորման շրջանակներում նախագծերին աջակցելու համար ֆինանսական մեխանիզմների զարգացումը, ինչպես նաև պարենային անվտանգության ապահովման ուղիների կատարելագործումը: "Անհրաժեշտ ենք համարում խնդրի վերաբերյալ համալիր մոտեցումների մշակումը ՝ առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման, սննդամթերքի հասանելիության անխափան ապահովման եւ խոչընդոտների վերացման նպատակով, այդ թվում ՝ տրանսպորտային-լոգիստիկ", - ասել է ՀՀ փոխվարչապետը:
Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի վերջին՝ հոկտեմբերի սկզբին Երևանում:
Եվրասիական տնտեսական միությունը, որի ստեղծման շուրջ պայմանագիրն ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է ազգային տնտեսությունների համակողմանի արդիականացմանը, կոոպերացիային և մրցունակության բարձրացմանը և կայուն զարգացման համար պայմանների ստեղծմանը՝ ի շահ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացման: ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: