Արմինֆո.Ամերիաբանկը Real Business համաժողովում ներկայացրել է իր MyBusiness նորարարական թվային հարթակը, որն աննախադեպ է ոչ միայն հայաստանյան շուկայում, այլև՝ տարածաշրջանում:
MyBusiness.am թվային հարթակի տնօրեն Արփինե Հարությունյանը հոկտեմբերի 18-ին համաժողովի հարթակներում լրագրողների հետ զրույցում ասել է, որ հարթակի գաղափարի հիմքում ընկած է հաճախորդների պահանջմունքների բացահայտումը: "Այս առումով մենք դիտարկում ենք ոչ միայն ֆինանսական ծառայությունները, այլեւ ոչ ֆինանսական ծառայությունները, ձգտելով կոտրել այն կարծրատիպը, որ բանկը ֆինանսական ծառայությունների մատուցմամբ սահմանափակվող կազմակերպություն է։ Մենք ցանկանում ենք լինել հուսալի գործընկեր բիզնեսի համար՝ իր ողջ գործունեության ընթացքում", - նշել է հարթակի ղեկավարը։
Նրա խոսքով՝ հարթակի միջոցով Ամերիաբանկի հաճախորդները (ԱՁ և ՍՊԸ) կարող են մեկ պատուհանի սկզբունքով անվճար բացել բիզնես հաշիվ, ստանալ բիզնես քարտ, հասանելիություն առցանց/մոբայլ բանկինգ համակարգերին, ձևակերպել և ստանալ վարկ, էլեկտրոնային առևտրի ողջ գործիքակազմը ՝ առանց բանկ այցելելու:
Արփինե Հարությունյանը նշել է, որ բանկին յուրաքանչյուր 4-րդ դիմող դառնում նրա հաճախորդ՝ այդ հարթակի միջոցով: Վերջինիս միջոցով պատվիրվում է քարտերի 70% - ը, հաճախորդների 62% - ը ակտիվացնում է առցանց/մոբայլ բանկինգը MyBusiness.am-ի միջոցով, բիզնեսի վարկավորման 70%-ն իրականացվում է այդ հարթակի միջոցով: "Փաստորեն յուրաքանչյուր 7-րդ հաճախորդ վարկ է ստանում առցանց ռեժիմով։ Ինտեգրված լինելով տարբեր պետական տեղեկատվական բազաներում ՝ մենք հաճախորդին ազատում ենք տարբեր փաստաթղթեր և հաշվետվություններ տրամադրելու լրացուցիչ ծանրաբեռնվածությունից՝ դրանք ստանալով առցանց եղանակով՝ հաճախորդի համաձայնությամբ: Բացի այդ, օգտագործում ենք սքորինգային մոդել, որը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում առցանց եղանակով վարկ տրամադրելու մասին որոշում կայացնել՝ առանց մարդկային գործոնի", - հավելել է նա։
Հարթակի ղեկավարը նաև հիշեցրել է, որ Ամերիաբանկը բիզնես վարկերի տրամադրման սքորինգ- համակարգը գործարկել է դեռևս 2018 թվականին, ինչն աննախադեպ էր բիզնեսի համար՝ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Մնացած փաթեթային ծառայությունները ներդրվել են 2021 թվականից։
Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների զարգացման գծով տնօրեն Կարեն Քարամյանն, իր հերթին, նշել է, որ ՓՄՁ-ն ցանկացած երկրի տնտեսության շարժիչ ուժն է: Զարգացած երկրներում ՓՄՁ-ի մասնաբաժինը ՀՆԱ-ում տատանվում է 50-60 տոկոսի սահմաններում, մինչդեռ, Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է մոտ 25 տոկոս։ "Սա խոսում է այն մասին, որ այս ուղղությամբ մենք դեռ շատ անելիք ունենք", - ընդգծել է նա, հավելելով, որ ՓՄՁ զարգացումն Ամերիաբանկի ռազմավարական ուղղություններից է:
Նա պատմել է, որ վերջին 5 տարիների ընթացքում Ամերիաբանկում 6 անգամ աճել է ՓՄՁ հաճախորդների բազան, իսկ այս ոլորտի վարկավորման ծավալն աճել է 4 անգամ: "Յուրաքանչյուր 4 - րդ տնտեսվարող սուբյեկտ մեր ՓՄՁ գործընկերն է, ինչը բավականին բարձր ցուցանիշ է, իսկ յուրաքանչյուր 3-րդ հաճախորդ մեր առևտրային գործընկերն է, որն ունի POS տերմինալ",-նշել է Քարամյանը:
ՓՄՁ հաճախորդների զարգացման գծով տնօրենը հարկ է համարել հիշեցնել, որ վերջին շրջանում Ամերիաբանկը մրցանակներ է ստացել միջազգային երկու հեղինակավոր կազմակերպությունների՝ Global Finance - ի և Euromoney - ի կողմից՝ "Լավագույն ՓՄՁ բանկ" և "Լավագույն էկոհամակարգ" անվանակարգերում: "Դա մեզ շատ պարտավորեցնում է ձգտել լինել ավելի լավը, բայց, միևնույն ժամանակ, հաճելի է իմանալ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք, ուրեմն, պետք է հետագայում եւս ընդլայնել ծառայությունները", - նշել է Քարամյանը, հավելելով, որ ֆինանսական կազմակերպությունների համար տեխնոլոգիաներն արդեն անհրաժեշտ պայման են գործունեության եւ զարգացման համար։
Նա ներկայացրել է հաճախորդների սպասարկումը թվային տարածք տեղափոխելու Ամերիաբանկի ծրագրերը, ինչը, արդյունքում, վերջիններիցս նվազագույն ջանքեր կպահանջվեն, և կտնտեսվի նրանց ժամանակը:
"Մեր առավելությունն այն է, որ դասական բանկային պրոդուկտներից, որոնք դեռեւս պահանջարկ ունեն, մենք անցում ենք կատարել ոչ դասական, այդ թվում ՝ ոչ ֆինանսական ծառայությունների ։ Մենք ուսումնասիրում ենք ամբողջ սպեկտրը, հաճախորդների բոլոր կարիքները և փորձում ենք ՓՄՁ-ների հետ միասին անցնել զարգացման ուղին: Բացի այդ, մեր MyBusiness.am թվային հարթակում զետեղված բոլոր ծառայություններն աննախադեպ են", - եզրափակել է նա։
Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է, որի ակտիվների ծավալը գերազանցում է 1 տրիլիոն դրամը և կարևոր դեր է խաղում երկրի տնտեսության մեջ։ Ամերիաբանկը տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով ՝ շեշտը դնելով թվային պրոդուկտների վրա: Բանկը որդեգրել է հաճախորդամետ քաղաքականություն՝ ժամանակակից թվային միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձից բավարարվածություն ապահովելու համար: Ամերիաբանկը հավատարիմ է բիզնեսի պատասխանատու վարման սկզբունքին և նպաստում է Հայաստանի անցմանը դեպի էկոլոգիապես կայուն ապագա: