Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024 14:17
Ալեքսանդր Ավանեսով

Չի կարելի արհեստական արգելքներ ստեղծել մի քանի ամիս առաջ էլեկտրամոբիլների ներկրում նախատեսած քաղաքացիների համար․պատգամավոր

Չի կարելի արհեստական արգելքներ ստեղծել մի քանի ամիս առաջ էլեկտրամոբիլների ներկրում նախատեսած քաղաքացիների համար․պատգամավոր

Արմինֆո. Չի կարելի արհեստական արգելքներ ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր մի քանի ամիս առաջ ծրագրել են էլեկտրամոբիլների ներկրում։ Այդ մասին հունիսի 12-ին հայտարարել է ԱԺ կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

 

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեն հանդես էր եկել հաղորդագրությամբ այն մասին, որ 2025 թվականին երրորդ երկրներից 8 հազար էլեկտրամոբիլ Հայաստան անմաքս ներկրելու Եվրասիական տնտեսական միության քվոտան կտարածվի 3 տարեկանից ոչ հին տեխնիկայի վրա։ Այդ առնչությամբ պատգամավորն ընդգծել է նախկինում ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալու և լրացուցիչ խնդիրներ չստեղծելու անհրաժեշտությունը: "Չի կարելի կես ճանապարհին սահմանափակել Հայաստան էլեկտրամոբիլների ներկրման արտոնությունները", - կարծում է պատգամավորը, նշելով, որ շատ քաղաքացիներ ծրագրում են էլեկտրամոբիլներ ներկրել ամիսներ առաջ:

 

Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ վերը նշված միջոցառումն ուղղված է երկիրը էլեկտրամոբիլների մեծ աղբավայրի վերածումը կանխելուն: Գերատեսչությունը, ինչպես նշել է նրա ղեկավարը, աշխատում է էլեկտրոմոբիլների ներմուծման հետ կապված բոլոր դրական եւ բացասական կողմերի վերլուծության վրա, որոնք կներկայացնի երկրի խորհրդարան:

 

Հիշեցնենք, որ ս. թ. հոկտեմբերին ՀՀ կառավարության նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկել էր օգտահանման գանձումներ սահմանել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ։ "Արտոնյալ երկրների շարքում մենք ապահովում ենք արտոնությունների առավելագույն ծավալ էլեկտրամոբիլների ներմուծման և շահագործման համար։ Դա տալիս է մոտ 30 տոկոս գնային էֆեկտ ՝ համեմատած այլ երկրների հետ", - հայտարարել էր նա։

 

Միաժամանակ, փոխվարչապետի ասելով, Հայաստանն այն սակավաթիվ երկրների շարքում է, որոնք առայժմ չեն սահմանել ուտիլիզացիոն գանձումներ, ինչը կրկին լուրջ խթան է էլեկտրամոբիլների ներկրման համար, բայց, միաժամանակ, լուրջ մարտահրավեր է ապագայում: "Պետք է սահմանել տուրք, քանի որ այդ տրանսպորտային միջոցների օգտահանման ծախսերը մեծապես գերազանցում են ավանդականների ծախսերը", - հայտարարել էր նա:

 

Բացի այդ, ինչպես նշել էր Գրիգորյանը, ԵԱՏՄ շրջանակներում արտոնյալ ռեժիմ ստանալը հետագայում բավականին դժվար կլինի, քանի որ Ռուսաստանում, Ղազախստանում, ինչպես նաև Ղրղզստանում նախատեսվում է նման մեքենաների արտադրություն կամ արտադրության տեղայնացում: "Դա խոսում է այն մասին, որ ապագայում քվոտաների ստացումը կբարդանա", - նշել էր նա: