Արմինֆո. Կադաստրային քարտեզները հիմք չեն Հայաստանի Հանրապետության սահմանները որոշելու համար: Այդ մասին հայտարարել է Հադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ հունվարի 7-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով սահմանազատման գործընթացում Տավուշի մարզի Ոսկեպար եւ Բաղանիս գյուղերի բնակիչների համար կադաստրային քարտեզների առնչությամբ հնարավոր խնդիրները։
Թովմասյանի խոսքով՝ ինքը տեղեկություններ չունի Ոսկեպար-Բաղանիս հատվածում հնարավոր փոփոխությունների մասին։
<Կարող եմ միայն ասել, որ կադաստրային քարտեզները ՀՀ սահմանի մասին տեղեկատվություն չեն պարունակում՝ այն իմաստով, որ կանոնակարգը հաստատվել է կառավարության համապատասխան որոշմամբ: Կադաստրային քարտեզներին առնչվող սխալների մասին բազմիցս խոսել ենք։ Քարտեզները շտկելու մասին կառավարության 2021 թվականի որոշումը բխում է այն բանից, որ քարտեզներում կան բազմաթիվ խնդիրներ", - ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը։
Մասնավորապես, ըստ նրա, քիչ չեն համայնքները, որոնց փաստացի տարածքները դուրս են գալիս վարչական սահմաններից, ընդհուպ՝ մինչև մի քանի հարյուր մետր: Դա, ինչպես կարծում է գերատեսչության ղեկավարը, հետևանք է այն բանի, որ տարբեր համայնքների քարտեզները կազմվել են մասնագետների տարբեր խմբերի կողմից, բայց հետո այդ տվյալները չեն հավաքվել մեկ տեղում՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք ճիշտ կազմված։ Թովմասյանի ասելով՝ խնդիրը վերաբերում է ոչ միայն սահմանամերձ համայնքներին, այլեւ՝ ողջ հանրապետությանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ Կիրանցում սահմանազատման գործընթացից հետո կադաստրային քարտեզը փոխվել է, Թովմասյանը հայտարարել է, թե իրավունք չունի մեկնաբանելու սահմանազատման հանձնաժողովի գործողությունները։ <Բայց ես վստահ եմ, որ եթե ինչ-որ որոշում կայացվի, ապա հանձնաժողովը հանդես կգա հայտարարությամբ։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ սահմանազատման աշխատանքներն իրականացվել են, դուք արդեն տեսել եք փոփոխությունները։ Այն շրջաններում, որտեղ փոփոխություններ չկան, ես որևէ բան ասելու լիազորություն չունեմ", - եզրափակել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանազատում իրականացնելուց հետո ադրբեջանական կողմին է փոխանցվել 30 անձի պատկանող 54 անշարժ գույք (2 տուն և հողամասեր), կամուրջ, դեպի Վրաստան միջպետական ճանապարհի հատված: