Ուրբաթ, 17 Հունվարի 2025 17:25
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունը NORAD-ի հետ պայմանավորվում է արդյունաբերական գոտիների համար միջազգային օպերատորի ներգրավման գործում խորհրդատվական աջակցության շուրջ

Էկոնոմիկայի նախարարությունը NORAD-ի հետ պայմանավորվում է արդյունաբերական գոտիների համար միջազգային օպերատորի ներգրավման գործում խորհրդատվական աջակցության շուրջ

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 17-ին ընդունել է Նորվեգիայի Զարգացման համագործակցության գործակալության (Norwegian Agency for Development Cooperation) պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Նորվեգիայի Թագավորության Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի բաժնի տնօրենի տեղակալ Բարդ Վանդվիկը։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Էդգար Զաքարյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները, ոլորտի զարգացման միտումներն ու հեռանկարները։

 

Բարդ Վանդվիկն անդրադարձել է Նորվեգիայի Զարգացման համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող աջակցության հիմնական ուղղություններին։

 

Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Տեղեկացնելով, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան արդյունաբերական գոտիներ՝ Էդգար Զաքարյանն առաջարկել է նորվեգական կողմին աջակցել միջազգային օպերատորի ներգրավման խորհրդատվական աշխատանքներում։

 

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրող մի շարք այլ հարցեր։