
Արմինֆո. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հյուրընկալել է Հայաստանում Air Arabia ավիաընկերության ներկայացուցիչ Եվգեն Դանիսենկոյին` 2025 թվականի հունիսի 1-ից Աբու Դաբի - Երևան չվերթին ընդառաջ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։
Ինչպես հաղորդել է Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են մարկետինգային միջոցառումների իրականացման, Աբու Դաբիի առաջատար զբոսաշրջային օպերատորների հետ համագործակցային կապերի հաստատման աջակցության հարցը՝ Աբու Դաբիում Հայաստանի և հայկական զբոսաշրջային ներուժի պատշաճ ներկայացման, երկկողմ զբոսաշրջային հոսքերի ապահովման նպատակով։
Կողմերը քննարկել են նաև ներկայումս առկա մարտահրավերներն ու դրանց կարգավորմանն ուղղված քայլերը։
Կողմերը պայմանավորվել են սերտորեն համագործակցել նոր չվերթի կայացման և համատեղ ջանքերով դրական արդյունքների գրանցման նպատակով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2024 թվականին ԱՄԷ-ից Հայաստան է այցելել 7 539 զբոսաշրջիկ, ինչը 2,5%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից։
Նշենք, որ Air Arabia Abu Dhabi-ն արաբական բյուջետային ավիաընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Շարժա քաղաքում: Այն հիմնադրվել է 2019 թվականի հոկտեմբերին՝ բյուջետային չվերթների աճող շուկա մուտք գործելու համար։ Ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2020 թվականի հուլիսին։
Երթուղային ցանցն ընդգրկում է ավելի քան 220 ուղղություն Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում և Եվրոպայում: Պարկը բաղկացած է 81 ինքնաթիռներից՝ 72 Airbus A320 և 9 A321 Neo LR։
Air Arabia aվիաընկերությունը չվերթներ է իրականացնում հինգ հիմնական հանգույցներից՝ ԱՄԷ Շարժա միջազգային օդանավակայանից, ԱՄԷ-ի Ռաս էլ Խայմա միջազգային օդանավակայանից, Մարոկոյի Կասաբլանկա Մուհամեդ V միջազգային օդանավակայանից, Եգիպտոսի Ալեքսանդրիայի Բորգ էլ Արաբ միջազգային օդանավակայանից և ԱՄԷ-ի Աբու Դաբիի միջազգային օդանավակայանից: