
Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոնալդ Լամբերտին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության ներկայիս շրջանակի, ինչպես նաև առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ:
Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքներին: Մասնավորապես, կարևորելով այս ուղղությամբ ձևավորված համագործակցության շարունակականությունը՝ զրուցակիցներն արձանագրել են, որ այն նոր ուղենիշներ է սահմանել Հանրապետությունում դպրոցաշինության որակի և անվտանգության տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ընթացիկ համագործակցության մի շարք ուղղությունների, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղություններով ընթացիկ համագործակցության վերաբերյալ:
Նշենք, որ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանի երկրորդ խոշոր վարկատուն է ՝ 21,2 տոկոս մասնաբաժնով: Բանկը Հայաստանի հետ աշխատում է 2005 թվականից։ 2024 թվականի վերջի դրությամբ ԱԶԲ-ը Հայաստանում իրականացրել է 1.9 մլրդ դոլարի բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են եղել տրանսպորտի, ֆինանսական, էներգետիկ և ջրային ոլորտների և այլ ենթակառուցվածքների զարգացմանը ։