Արմինֆո. Առողջապահության ոլորտն իր համակարգում արհեստական բանականության (ԱԲ) ներդրման առաջամարտիկներից է, և չափազանց կարևոր է խրախուսել դրա ինտեգրումը տարբեր ոլորտներում նաև Հայաստանում, հատկապես՝ բժշկության ոլորտում: Այդ մասին հունիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Առողջապահության նախարարի խոսքով՝ արհեստական բանականության օգտագործումն արդեն ընդգրկում է մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Նա ընդգծել է, որ վերջին մի քանի տարիներին ԱԲ-ը ցույց է տվել իր արդյունավետությունը ինչպես ախտորոշման, այնպես էլ այլ ուղղություններով՝ թույլ տալով ստանալ հետազոտության ավելի լավ արդյունքներ:
"Այդ համատեքստում մեր նպատակն է խրախուսել Հայաստանում գործող տեխնոլոգիական ընկերություններին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ այս ոլորտում։ Վստահ եմ, որ մենք բաց ենք նոր տեխնոլոգիական լուծումների համար և պատրաստ ենք աջակցել դրանց գործիքների ներդրմանն առողջապահության ոլորտում", - ասել է նախարարը։
Այդուհանդերձ, Ավանեսյանը նշել է, որ մտավախություններ են առաջանում բժշկական տվյալների մշակման համար արհեստական բանականության օգտագործման, ինչպես նաև մասնագիտական ներգրավվածության առնչությամբ: "Այս բոլոր հարցերը լինելու են մեր ուշադրության կենտրոնում։ Անհրաժեշտ ենք համարում օրենսդրական փոփոխություններ կատարել բժշկական տվյալների կառավարման եւ պաշտպանության վերաբերյալ: Ներկայումս ողջ աշխարհը բախվում է էթիկական և իրավական մարտահրավերների, որոնք կապված են մեր կյանքում ԱԲ օգտագործման հետ", - նշել է առողջապահության նախարարը։
Անդրադառնալով համակարգում ԱԲ հետագա ներդրման հնարավորությանը՝ Ավանեսյանը նշել է, որ այսօր արդեն շատ դեպքերում օգտագործվում են ԱԲ գործիքները, օրինակ բերելով կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությունը, և կարծում է, որ դրա հետագա ներդրումը համակարգում միայն դրական արդյունքներ կունենա:
Իր հերթին՝ Docus ստարտափի հիմնադիր Ռոբերտ Սարգսյանը պարզաբանել է, որ ԱԲ ներդրումը քաղաքացիներին թույլ կտա ստանալ լաբորատոր հետազոտությունների արդյունքներ՝ հասկանալի բացատրություններով: "ԱԲ-ը կտրամադրի խորը բժշկական վերլուծություն. համակարգը հաշվի է առնում հիվանդի հիվանդանոցային պատմությունը, նախորդ հետազոտությունների արդյունքները եւ բացատրություններ է տալիս շեղումների մասով, իր առաջարկները, ինչպես նաեւ անհրաժեշտ լրացուցիչ հետազոտություններ ՝ շեղումների իրական պատճառները հասկանալու համար", - պարզաբանել է սթարթափի հիմնադիրը:
Անդրադառնալով մտավախություններին, որ արհեստական բանականության օգտագործումը կարող է վերածվել սովորական որոնման Google-ում, Սարգսյանը նշել է, որ Google-ը, ի տարբերություն արհեստական բանականության, չի կարող հաշվի առնել մարդու հիվանդության ողջ պատմությունը: "Որպես հիմք ընդունված ալգորիթմի մոդելը բժշկական լիցենզիայի փորձաքննություն է անցել ԱՄՆ-ում եւ, նույնիսկ, ավելի լավ արդյունք է ցույց տվել, քան միջին վիճակագրական բժիշկը", - հավելել է Սարգսյանը: