Երկուշաբթի, 30 Հունիսի 2025 13:48
Ալեքսանդր Ավանեսով

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարն առասպել է համարել նոր կառավարչի օրոք սակագնի նվազեցման հնարավորությունը

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարն առասպել է համարել նոր կառավարչի օրոք սակագնի նվազեցման հնարավորությունը

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը բացահայտ առասսպել է որակել խոսակցություններն այն մասին, որ նոր կառավարչի օրոք էլեկտրաէներգիայի սակագինը գրեթե 7 դրամով նվազեցնելու հնարավորություն կստեղծվի:

 

Հունիսի 30-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում գլխավոր տնօրենի պաշտոնակատարն անհեթեթ է համարել նաեւ այդ դեպքում աշխատակիցների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնելու հնարավորության մասին լուրերը: Ղազինյանը նշել է, որ այստեղ պետք է հասկանալ, թե կոնկրետ ում վրա է տարածվելու աշխատավարձի բարձրացումը. եթե՝ բոլոր 6800 աշխատակիցների վրա, ապա ստիպված են լինելու բարձրացնել սակագինը, այլ ոչ թե՝ նվազեցնել այն:

 

Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչպես կարելի է գնահատել "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը "թքած ունի նրանց եւ ցանցերի վրա", Ղազինյանը նշել է գործարարի սկզբունքներն ու դիրքորոշումը, որոնք նա ոչ մի բանի հետ չի փոխի, այդ թվում՝ ցանցերի: Ընկերության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ Կարապետյանին ճանաչողը գիտի, որ դա, գործնականում, անհնար է։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 1-2-ը ՀՀ Ազգային ժողովում քննարկվելու է օրինագծերի փաթեթ, որը կոչված է ազդարարելու "ՀԷՑ"-ի ազգայնացման գործընթացի մեկնարկը: Ըստ փոփոխությունների՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրություններ կատարելուց և խախտումներ հայտնաբերելուց հետո իրավունք կստանա փոխել ընկերության ղեկավարությանը: Այդ դեպքում ՀԾԿՀ-ը կարող է հրավիրել էներգետիկայի ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող ժամանակավոր կառավարչի։