
Արմինֆո. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2025թ. արտադրական ծրագրերի շրջանակում իրականացվում են համալիր աշխատանքներ և միջոցառումներ գազափոխադրման համակարգի օբյեկտներում։
Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, ներկայումս ընթանում են «Արմավիր-Կարմրաշեն» 500 մմ տրամագծով մայրուղային գազատարի մեկուսիչ շերտի կապիտալ նորոգման աշխատանքները (խոտանված խողովակների փոխարինմամբ):
Զուգահեռաբար շարունակվում են «Վանաձոր-Ալավերդի» 700 մմ տրամագծով մայրուղային գազատարի կապիտալ նորոգման աշխատանքները։
Մայրուղային գազատարների նորոգվող հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 48,8 կմ:
Ընկերության արտադրական ծրագրերի շրջանակում նաև նախատեսված է մայրուղային գազատարների թվով 5 փականային հանգույցների նորոգում (հեռակառավարման համակարգի ներդրում), Գորիսի, Վեդու, Էջմիածնի գազաբաշխիչ կայանների տեխնոլոգիական սարքավորումների համալիր նորոգում։