
Արմինֆո. Ստոկհոլմի արբիտրաժի որոշման անտեսումը ոչ միայն կբերի ֆինանսական վնասների, այլև երկարաժամկետ կհարվածի երկրի ներդրումային միջավայրին ու արտաքին քաղաքական դիրքերին: Այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Ֆեյսբուքի» իր էջում:
«Նիկոլ Փաշինյանի պես մի ամբարտավան հեղափոխականի թվում է, թե իր քմահաճույքները վեր են օրենքից: Եթե նման ավտորիտար մտածողությունը երկրի ներսում «մարսվում» է, ապա կանխատեսելիորեն արժանանալու է միջազգային ինստիտուտների դիմադրությանը:
2025թ․ հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը պարտավորեցրեց ՀՀ-ին դադարեցնել ՀԷՑ-ի նկատմամբ նոր օրենքների կիրառումը և բռնագրավման քայլերը։ Որոշումը պարտադիր կատարման ենթակա է։
ՀՀ կառավարության արձագանքը հղում է անում «պետական անվտանգությանը» և ազգային օրենսդրությանը, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից սա բավարար չէ։
Որոշման չկատարումը կարող է բերել․հարյուրավոր միլիոն դոլարի վնասի փոխհատուցման, ՀՀ պետական ակտիվների սառեցման արտերկրում, ներդրումային միջավայրի լուրջ վնասման։
Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը ցույց է տալիս, որ միջազգային պայմանագրերի խախտման կամ դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի գինը կարող է չափազանց բարձր լինել։
ՀՀ-ի լավագույն տարբերակը բանակցային լուծում գտնելն է, քանի որ անտեսումը ոչ միայն կբերի ֆինանսական վնասների, այլև երկարաժամկետ կհարվածի երկրի ներդրումային միջավայրին ու արտաքին քաղաքական դիրքերին», - ընդգծել է քաղաքագետը։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։
«2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։
Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։ Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»։
Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման», - ասվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի հայտարարությունում։
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն, իր հերթին, պարզաբանել է, որ այդպիսով դատարանն արգելել է Հայաստանի կառավարությանը բռնագանձել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ընկերության ղեկավար մարմինների կազմը, հետ կանչել ընկերության գործունեության լիցենզիաները եւ որեւէ կերպ սահմանափակել "Էլցանցերի" բնականոն գործարար ակտիվությունը:
Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունը, «յուրովի» մեկնաբանելով Ստոկհոլմի Առեւտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշումը, հայտարարել է. "Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:
Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը":