
Արմինֆո. Տարվա արդյունքներով կհաջողվի ապահովել բյուջեում ամրագրված ցուցանիշից բարձր տնտեսական աճ։ Նման գնահատական է հնչեցրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀՀ հարցազրույցում։
Պատասխանելով հարցին, թե ինչպես է հնարավոր ունենալ բարձր տնտեսական աճ այն պայմաններում, երբ արտահանման ծավալները նվազում են, նախարարը նշել է, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է նախորդ տարի վերաարտահանման բացակայությամբ: Մասնավորապես, նախարարը հիշեցրել է, որ անցյալ տարի Ռուսաստանից Հայաստան են ներկրվել զգալի քանակությամբ ոսկու ձուլակտորներ, որոնք վերաարտահանվել են ԱՄԷ:
Այդ գործողության արդյունքում ստեղծվել է ընդամենը մի քանի աշխատատեղ, իսկ վճարված հարկերի ծավալը, գործնականում, հավասար էր զրոյի, ինչը նկատելի տնտեսական արդյունք չի տվել։ Այնուամենայնիվ, արտահանման ցուցանիշները տպավորիչ էին, մինչդեռ, այս տարի կրճատվել են մոտ 50 տոկոսով։ Այսինքն, ըստ նախարարի, վերաարտահանումը չի արտացոլվել Հայաստանի տնտեսության վրա՝ ոչ դրական, ոչ էլ բացասական կողմերից, ինչի մասին է վկայում կիսամյակի արդյունքներով Հայաստանի տնտեսական ակտիվության 6,3 տոկոս աճը:
«Եվ, հետևաբար, երբ մենք խոսում ենք իրական տնտեսության մասին, պետք է նշել, որ մայիսին մեզ մոտ երկնիշ աճ է գրանցվել, հունիսին՝ 8 տոկոս ։ Այսինքն՝ մենք գործում ենք բարձր տնտեսական ակտիվության սահմաններում ։ Տնտեսությունը զարգանում է, և ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի տարվա արդյունքներով ապահովել ավելի բարձր տնտեսական աճ, քան ամրագրված է բյուջեում։ Պետք է նաև նշել, որ տնտեսական առումով տարին բավականին լավ է դասավորվում։ Մնացածն, ընդամենը, խանդի տեսարաններ են, հոռետեսական հայացքներ կատարվածի վերաբերյալ", - նշել է Պապոյանը, հավելելով, որ Հայաստանում քիչ չեն այնպիսիք, ովքեր ցանկանում են ամեն ինչ վատ լույսի ներքո տեսնել ու ներկայացնել։