Արմինֆո. «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այս պահին Ընկերության ինտերնետ կապուղիների հետ կապված առկա են որոշակի խնդիրներ, ինչի արդյունքում Ecommerce գործարքները անհասանելի են, իսկ ինտերնետ կապուղով աշխատող մնացած ծառայություններում նկատվում են որոշակի խնդիրներ։
«Թարմացումների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսի վերջին եւս խնդիրներ են նկատվել «Արմենիան Քարդ» (ArCa) ազգային վճարային համակարգի աշխատանքում։ Այսպես, ս.թ. հուլիսի 23-ին, առավոտյան ժամը 10:10-ից տեխնիկական պատճառներով խաթարվել է ArCa վճարային համակարգի բնականոն աշխատանքը, ինչի արդյունքում հնարավոր չի եղել քարտերով որոշակի գործարքներ կատարել: Նույն օրը ժամը 12:45-ի դրությամբ համակարգի աշխատանքը վերականգնվել է, սակայն խնդիր է եղել միայն բանկային հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում:
Մեկ շաբաթ անց՝ ս. թ. հուլիսի 29-ին, ժամը 11:46-ից մինչև 15:25-ն արձանագրվել է տեխնիկական խափանում, որը ժամանակավորապես ազդել է ArCa-ի կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների հասանելիության վրա: Նույն օրը խնդիրը հաջողվել է վերացնել «Արմենիան Քարդ»-ի և մատակարար կազմակերպության մասնագետների ներգրավմամբ իրականացված հրատապ միջոցառումների արդյունքում: Այն ժամանակ հաղորդվել էր, որ խափանման պատճառները մանրակրկիտ պարզելու և նման միջադեպերը կանխելու համար սկսվել է համալիր տեխնիկական ուսումնասիրություն։
Ինչ վերաբերում է այդ միջադեպերին, կատարված ուսումնասիրությունների հիման վրա ձևավորված գնահատականի համաձայն, խափանման պատճառները կապված չեն եղել կիբերհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ ։ Խափանումների ցանկացած փուլում տվյալների ոչ մի կորուստ կամ արտահոսք չի արձանագրվել: Մասնավորապես, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 10:05-ից մինչև 16:50-ն արձանագրված խափանումը տեղի է ունեցել հավաստագրման համակարգի թարմացման տեղադրումից որոշ ժամանակ անց և առաջացել է տեխնիկական խոչընդոտների պատճառով, այն չի կրել մշտական և համակարգային բնույթ, և մասնագետները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները հիմնական ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու համար:
Այն ժամանակ հաղորդվել էր, որ որպես կանխարգելիչ միջոց և միջազգային լավագույն փորձին համապատասխան, ինչպես նաև հաճախորդներին ավելի հուսալի, հարմարավետ և անխափան ծառայություններ մատուցելու նպատակով «Արմենիան Քարդ» ընկերությունը մտադիր է 2025 թվականին ավարտել երկրորդ տվյալների կենտրոնի լիարժեք շահագործումը: Տվյալների կենտրոնը, որը տեխնիկապես հագեցած է ժամանակակից պահանջներին համապատասխան սարքավորումներով, կոչված է ապահովելու երկրի վճարային համակարգերի անխափան և կայուն աշխատանքը: «Արմենիան Քարդ» ընկերության հիմնական ծառայությունների մի մասն արդեն տեղափոխվել է և ակտիվորեն աշխատում է երկրորդ տվյալների կենտրոնում: Տեխնիկական հագեցվածության և ամբողջական կարգավորման գործընթացը նախատեսվում է ավարտել 2025թ. վերջին: Նոր կենտրոնը կաշխատի արդեն գործող տվյալների մշակման կենտրոնի լրացման ռեժիմով՝ ապահովելով գործարքների հոսքերի հավասարակշռումը, ինչպես նաև ծառայությունների մատուցման անընդհատությունը և հնարավոր միջադեպերի դեպքում բնականոն աշխատանքի վերականգնումը:
Բոլոր շահագրգիռ կողմերը, ներառյալ ՀՀ Կենտրոնական բանկը, համակարգի մասնակից առևտրային բանկերը և միջազգային վճարային համակարգերը, տեղեկացվել են ինչպես խափանման ժամանակ, այնպես էլ դրա վերացումից անմիջապես հետո՝ սահմանված համապատասխան կապուղիներով:
Նշենք, որ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ազգային վճարային համակարգը՝ 2000 թվականից, և մշտապես կատարելագործվում է ՝ իր գործընկերների և հասարակության համար ապահովելով անվտանգ, հուսալի և արագ ֆինանսական էկոհամակարգ: Այսօր ArCa համակարգի միջոցով սպասարկվում է 59 655 տնտեսվարող սուբյեկտ, 103 933 POS-տերմինալ, 1 676 385 ArCa քարտապան և 4 008 144 քարտ: Ընկերությունը մշակում է օրական միջին հաշվով մոտ 5 մլն հարցում, ինչը վկայում է համակարգի ծավալի և բարձր թողունակության մասին։ «Արմենիան Քարդ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի բանկերի քարտերի պրոցեսինգային միասնական համակարգի օպերատորը և նրանց հնարավորություն է ընձեռում թողարկել և սպասարկել ինչպես տեղական Arca, այնպես էլ միջազգային Visa, Mastercard, American Express, DCI, UPI, JCB վճարային համակարգերի քարտեր:
Նշենք, որ վերջերս ՀՀ Կենտրոնական բանկը համակարգում նոր անձ է նշանակել։ Նրա՝ ArCa-ի ղեկավարի պաշտոնում գալուց հետո համակարգը սկսեց «ցնցվել»։ Սակայն նոր ղեկավարը սիրում է իր և «իր նվաճումների» մասին գրառումներ անել Ֆեյսբուքում՝ ակնհայտորեն հավատալով, որ դրանով իսկ բարելավում է Ազգային վճարային համակարգի աշխատանքը։