 

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում սահմանել հարկային արտոնություններ ՝ կատարված ծախսերը փոխհատուցելու նպատակով: ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանության է արժանացել հոկտեմբերի 30-ին ՀՀ կառավարության հերթական նիստում:
Կառավարության հաղորդագրության համաձայն, նխագծի նպատակը պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցների գծով եկամտի որոշման առանձնահատուկ կանոնների վերանայումն է: Նախագծով առաջարկվում է, անկախ գործունեության իրականացման ոլորտից, սահմանել, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Բացի այդ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետա¬կան աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված` վարկերի (լիզինգի) և դրանց գծով հաշվարկվող տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները, իսկ ծախս չեն համարվում պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված` վարկերի (լիզինգի) տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները:
Միևնույն ժամանակ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ առաջարկվող դրույթների կիրառությունը տարածվելու է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա խնդիրը նկատվել է հատկապես 2024 թվականից սկսած՝ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատարված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցների մասով: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել միատեսակ մոտեցում պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցների գծով եկամտի որոշման առումով, ինչպես նաև նախատեսվում է բարելավել պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտների հարկային միջավայրը և խթանել այս ուղղությամբ ձեռնարկատիրական գործունեությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ այս կարգավորումը դրական ազդեցություն ունի նաև լիզինգի գործարքների տոկոսադրույքների վրա և հույս հայտնել, որ բանկային համակարգը նույնպես կարձագանքի այս կարգավորմանը: