Երկուշաբթի, 3 Նոյեմբերի 2025 15:35
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի "Ներմուծման խթանման գրասենյակ" նախաձեռնության գործընկեր երկրների շարքում

Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի "Ներմուծման խթանման գրասենյակ" նախաձեռնության գործընկեր երկրների շարքում

Արմինֆո.Հայաստանը միանում է Գերմանիայի «Ներմուծման խթանման գրասենյակ» (IPD) նախաձեռնությանը։

 

Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 30-ին նախարար Գևորգ Պապոյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքում ձեռք է բերվել կարևոր պայմանավորվածություն, ըստ որի՝ Հայաստանը ներառվել է «Ներմուծման խթանման գրասենյակ» (Import Promotion Desk – IPD) նախաձեռնության գործընկեր երկրների ցանկում։

 

Այս որոշումը կարևոր փուլ է ներկայացնում Հայաստանի և Գերմանիայի տնտեսական համագործակցության խորացման, ինչպես նաև Հայաստանի արտահանման ներուժի ամրապնդման գործում։ Այն հնարավորություն կտա հայ գործարարներին ընդլայնել արտահանման աշխարհագրությունը, ապահովել իրենց ներկայությունը գերմանական շուկաներում և բարձրացնել հայկական արտադրանքի ճանաչելիությունը։

 

IPD նախաձեռնությունը ծառայում է որպես կամուրջ՝ միավորելով գործընկեր երկրների փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) Գերմանիայի և Եվրամիության վստահելի ներմուծողների հետ։ Ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն, շուկայի մուտքի աջակցություն և արտահանման կարողությունների զարգացման նպատակային ծրագրեր։

 

Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կշարունակի սերտորեն համագործակցել Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), ինչպես նաև նախաձեռնությունը իրագործող գործընկեր կառույցների հետ՝ ապահովելու համար, որ հայկական արտադրողները համապատասխանեն եվրոպական շուկայի ստանդարտներին, օգտվեն արտահանման խթանման գործիքներից և մասնակցեն Գերմանիայում ու այլ երկրներում անցկացվող առաջատար միջազգային ցուցահանդեսներին՝ իրենց արտադրանքը հաջողությամբ դիրքավորելու եվրոպական շուկաներում։

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025թ. հունվար-օգոստոսին Հայաստանի և Գերմանիայի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 5,3%-ով ՝ կազմելով 297,3 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 77,4% - ով ՝ մինչև 71,4 մլն դոլար, ներմուծման 17,4% - ով նվազման ֆոնին ՝ մինչև 226 մլն դոլար։