Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025 16:48
Նաիրա Բադալյան

2026 թվականից Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադաարումն ու փոփոխումը կիրականացվի բացառապես թվային հարթակում

2026 թվականից Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադաարումն ու փոփոխումը կիրականացվի բացառապես թվային հարթակում

Արմինֆո.2025 թվականի ընթացքում կամավորության սկզբունքով, իսկ 2026 թվականի հունվարից արդեն աշխատանքի ընդունման կամ աշխատանքից ազատման բոլոր դեպքերում գործատուների և աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը։ Այսինքն, եկող տարվանից բացառապես թվային հարթակով է իրականացվելու աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը։  Այդ մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

 

«Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի հետ կապված բոլոր գործառույթները գործատուներն իրականացնում են «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով։ Թվային համակարգը գործատուներին հնարավորություն է տալիս ստեղծել և էլեկտրոնային ստորագրել աշխատանքային պայմանագրերը, աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագրի լուծման հրամանները, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները։

 

Միաժամանակ, համակարգում հնարավոր է խմբագրել, չեղարկել և որոնել ցանկացած փաստաթուղթ, իսկ փաստաթղթերը ստորագրելուց հետո՝ ստանալ էլեկտրոնային ծանուցումներ։ Համակարգում նախատեսված են նաև պարտադիր դաշտեր, որոնք գործատուն պարտավոր է լրացնել քաղաքացուն աշխատանքի ընդունելիս, իսկ չլրացնելու դեպքում՝ համակարգն ինքնաշխատ հուշում է սխալի մասին։

 

Թվային համակարգից աշխատողները կարող են օգտվել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի» միջոցով՝  մուտք գործելով նոր ստեղծված «Աշխատանքային  պայմանագրեր» բաժինը։ Հարթակից օգվելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որով էլ հնարավոր կլինի մուտք գործել համակարգ, դիտել իրենց հետ կնքված պայմանագրերը, աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամաններն ու աշխատանքային համաձայնագրերը, էլեկտրոնային եղանակով ստորագրել այդ փաստաթղթերը և ստանալ ծանուցումներ։

 

Աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Ի դեպ, եթե նոր ընդունվող աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերի կնքումն էլեկտրոնային եղանակով պարտադիր է լինելու հաջորդ տարվանից, ապա այն աշխատակիցների պայմանագրերը, որոնք դեռևս թվային չեն, գործատուները 2026 թվականի հունվարի 1-ից կպարտավորվեն տասներկուամսյա ժամկետում դրանք մուտքագրել համակարգ, իսկ աշխատողները պետք է պարզապես էլեկտրոնային ստորագրությամբ հաստատեն թվային պայմանագիրը», - ասվում է հաղորդագրությունում։