
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Թվային նախաձեռնությունների հիմնադրամը (ԹՆՀ) ակնկալում է Հայաստանի մասնակցությունը AI SuperCloud միջազգային հարթակին: Այդ մասին նոյեմբերի 12-ին "ԵԱՏՄ թվային նախագծեր" տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) փոխնախագահ, ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը։ Պատմելով, որ այդ նախագծին արդեն ծանոթ են հիմնադրամի անդամ բոլոր երկրները, Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի կառավարության հետ այն առավելությունների վերաբերյալ, որոնք ստեղծում է AI SuperCloud-ը: "Այնպես որ, հուսով ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրություն կդրսեւորի նման նախագծի նկատմամբ", - ընդգծել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալը:
Տիգրան Սարգսյանը պարզաբանել է, որ AI SuperCloud-ն ապահովում է ԱԲ գործիքների եւ ծառայությունների հասանելիություն։ Նրա խոսքով՝ նախագիծը լուծում է 4 հիմնական խնդիր․ արհեստական բանականնության հասանելիության ժողովրդավարացում առանց սահմանափակումների եւ խոչընդոտների, տարածաշրջանային արհեստական բանականության մարկետփլեյսի ստեղծում, տարածաշրջանային փորձաքննություն, ինչպես նաեւ արագացում, պիլոտավորում եւ մասշտաբավորում, ինչը նշանակում է, որ երկրները կկարողանան դիմել Թվային նախաձեռնությունների հիմնադրամին ՝ իրենց երկրների տարածքում լուծումների մասշտաբավորման խնդրանքով: "Ուզում եմ ասել, որ հիմնադրամի կողմից այդ մոտեցումների իրականացման և մասշտաբավորման համար տեխնիկական աջակցությունը ենթադրում է անհատույց հիմունքներով ֆինասավորման տրամադրում, ինչը պետք է բարձրացնի այդ նախագծի գրավչությունը: Եվ Հայաստանը, հետաքրքրության դեպքում, կարող է նման խնդրանքով դիմել հիմնադրամին", - հավելել է նա։
Նշենք, որ AI SuperCloud-ը ամպային հարթակ է, որը կմիավորի ԱԲ լուծումների մշակման հիմնական գործիքներն ու ծառայությունները ՝ տեսողական կոնստրուկտորներից եւ մոդելային գրադարաններից մինչեւ հզոր հաշվողական ռեսուրսներ եւ ավտոմատ տեղակայման համակարգեր:
Նախագծի նպատակն է ստեղծել բաց և մատչելի ԱԲ-ենթակառուցվածք ողջ եվրասիական տարածաշրջանի համար, որտեղ կկարողանան աշխատել ինչպես ստարտափներն ու ՏՏ ընկերությունները, այնպես էլ պետական և գիտական կազմակերպությունները:
Հիշեցնենք, որ ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականի հունիսին։ Հիմնադրամի նպատակն է աջակցել ԵԱԶԲ անդամ պետությունների թվային փոխակերպման գործիքների և փորձիի ձևավորմանը, այդ թվում ՝ տեղեկատվական ռեսուրսների ինտեգրման և նախագծերի մշակմանն ու ֆինանսավորմանը մասնակցության միջոցով: