Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025 12:18
Ալինա Հովհաննիսյան

Երեւանում կայացել է «GIS-ը՝ թվային փոխակերպման համար»  համաժողով

Երեւանում կայացել է «GIS-ը՝ թվային փոխակերպման համար»  համաժողով

Արմինֆո. Երեւանում կայացել է «GIS-ը (geographic information system)՝ թվային փոխակերպման համար» թեմայով համաժողով, որն արդյունավետ հարթակ է ճյուղի խնդիրների, առաջնահերթությունների և դրանց լուծման հնարավոր ուղիների քննարկման համար:

 

Համաժողովի ընթացքում ներկայացվել են զեկույցներ՝ «Քաղաքային փոխակերպման GIS փորձը», «COAF-ի GIS թվային փոխակերպումը․ ինչպես է շահույթ չհետապնդող կազմակերպությունը կիրառում GIS տեխնոլոգիաները թվային զարգացման և կրթական ծրագրերում» և մի շարք այլ թեմաներ։

 

Մասնակիցները քննարկել են, թե ինչպես են աշխարհագրական տեղեկատվական համակարգերը խթանում թվային փոխակերպումը տնտեսության տարբեր ոլորտներում, ներկայացրել GIS տեխնոլոգիաների նորագույն կիրառությունները և առաջարկել համագործակցության նոր ձևաչափեր։

 

Համաժողովը համախմբել է պետական և միջազգային կառույցների, բիզնեսի, գիտության, կրթական ու արդյունաբերական ոլորտների այն մասնագետներին, որոնք իրենց գործունեության մեջ կիրառում են տարածական տվյալների ու տեխնոլոգիաների հնարավորությունները։

 

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Նա նշել է, որ նման միջոցառումները յուրահատուկ հնարավորություն են մասնագիտական համայնքի և հատկապես երիտասարդների համար՝ գաղափարներով ու փորձով փոխանակվելու տեսանկյունից։ Մանթաշյանի խոսքով՝ նախարարությունը մեծապես կարևորում է տեղեկատվական համակարգերի զարգացմանն ուղղված աշխատանքները, որոնք նպաստում են տվյալահեն որոշումների կայացմանը։