
Արմինֆո.Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհի մոտ 390մ երկարությամբ թունելում կատարվում են ամրանավորման, անվտանգության խորշերի կառուցման, դիմային պատի տորկրետ բետոնացման աշխատանքներ։
Ինչպես հաղորդում է ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը, ընթացքի մեջ է նաեւ երկրորդ թունելի շինարարությունը։ «Ճանապարհի կառուցումը մեծ տեմպերով շարունակվում է», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Քաջարան-Ագարակ ճանապարհը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ: ԿԶԵՀ-ի վարկի ընդհանուր գումարը կազմում է 200 միլիոն դոլար: Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 32 կմ ճանապարհ, երկու թունել և 17 կամուրջ (դրանցից ամենաերկարը ՝ 720 մ): Ճանապարհի շինարարության կապալառուն իրանական Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է։ Շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական վերահսկողություն է իրականացնում խորվաթական Institute IGH, Joint- Stock Company for Research and Development in Civil Engineering ընկերությունը:
"Հյուսիս-Հարավ" նախագիծը թույլ կտա Հայաստանի հարավային սահմանից մինչեւ հյուսիս-արևելյան սահման հեռավորությունը 556 կմ-ից կրճատել մինչև 490 կմ: Ճանապարհը զգալիորեն կհեշտացնի ելքը դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի - Կապան - Գորիս-Երևան - Աշտարակ - Գյումրի - Բավրա) և Վրաստանի տարածքով։