Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025 14:36
Ալինա Հովհաննիսյան

CRIRSCO ստանդարտները՝ որպես բարձրակարգ ներդրողների ներգրավման և հաշվետվողականության որակի բարձրացման գրավական. պրոֆիլային քննարկումներ

CRIRSCO ստանդարտները՝ որպես բարձրակարգ ներդրողների ներգրավման և հաշվետվողականության որակի բարձրացման գրավական. պրոֆիլային քննարկումներ

Արմինֆո Հայաստանի երկրաբանական համայնքի ներկայացուցիչները քննարկել են՝ CRIRSCO օգտակար հանածոների պաշարների մասին հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեին Հայաստանի միանալու հարցը:

CRIRSCO-ն Ավստրալիայում (JORC), Բրազիլիայում (CBRR), Կանադայում (CIM), Չիլիում (Ազգային կոմիտե), Կոլումբիայում (CCRR), Եվրոպայում (PERC), Հնդկաստանում (NACRI), Ինդոնեզիայում (KOMBERS | KCMI), Ղազխստանում (KAZRC), Մոնղոլիայում (MPIGM), Ֆիլիպիններում (PMARC), Ռուսաստանում (OERN), Հարավային Աֆրիկայում (SAMREC), Թուրքիայում (UMREK) և  ԱՄՆ (SME) հանքային պաշարների վերաբերյալ հաշվետվությունների կոդերի եւ ղեկավարող սկզբունքների մշակման համար պատասխանատու կազմակերպությունների ներկայացուցիչների միավորում է։ Այդ երկրների բորսաներում ցուցակված հանքարդյունաբերական ընկերությունների ընդհանուր արժեքը կազմում է հանքարդյունաբերության ճյուղի ցուցակված կապիտալի ավելի քան 80% - ը:

Կազմակերպության նպատակն է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների մասին հրապարակային հաշվետվության, հանքային ռեսուրսների և հանքավայրերի պաշարների գնահատման ոլորտում միջազգային առաջատար փորձի խթանումը:

Միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիաի նախագահ Վարդան Ջհանյանը հիշեցրել է, որ տարիներ առաջ իշխանությունների կողմից ընդունված Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության դրույթներից մեկը CRIRSCO ստանդարտների ներդրումն էր: Նա ընդգծել է, որ վերջիններս այդ բնագավառի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնելու են միջազգային ստանդարտներին: «Դա ողջ աշխարհի ներդրողներին թույլ կտա հասկանալ մեր հաշվետվողականությունը։ Այսինքն, մենք խոսելու ենք մեկ երկրաբանական լեզվով․ մեր չափորոշիչները կհամապատասխանեն միջազգային չափորոշիչներին։ Դա կօգնի ճյուղի ճիշտ զարգացմանը», - ասել է Ջհանյանը։

Այսօրվա դրությամբ, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիաի ղեկավարի խոսքով, ճյուղում գործում են խորհրդային տարիներին ընդունված նորմեր, որոնք արդեն կորցրել են իրենց արդիականությունը: Ջհանյանի կարծիքով ՝ CRIRSCO-ին միանալը կփոխի միջազգային ներդրողների վերաբերմունքը Հայաստանի հանքարդյունաբերության հանդեպ։ «Բազմիցս ասել եմ, որ մեր առջև խնդիր է դրված բարձրորակ ներդրողներ ներգրավել հանքարդյունաբերության ոլորտում, և այս առումով ամենակարևոր քայլը երկրաբանական մասով այդ փոփոխությունները ներդնելն է: Քանի որ երկրաբանությունը մեր հանքարդյունաբերության հիմքն է: Եթե հաջողվի այդ փոփոխությունները հաջողությամբ իրականացնել, ապա մենք կարող ենք կարեւորագույն առաջխաղացում գրանցել ոլորտում", - պարզաբանել է ԶՊՄԿ-ի ղեկավարի տեղակալը։ Նա նշել է, որ այդ ստանդարտները գործում են բոլոր երկրներում, ովքեր ցանկանում են բարձր կարգի ներդրողներ ունենալ, այդ թվում ՝ Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Չիլիում, Ղազախստանում եւ այլուր։

Երկրաբանների հետ քննարկումների ընթացքում Ջանյանը ներկայացրել է Ղազախստանի փորձը CRIRSCO ստանդարտների ներդրման գործում: Նա նշել է, որ Ղազախստանի օրինակը (KAZRC) կարող է ընդունելի լինել Հայաստանի համար, քանի որ երկու պետություններն էլ հետխորհրդային են: Բացի այդ, նա պատմել է, որ Հայաստանը CRIRSCO-ին կարող է միանալ որպես առանձին ազգային անդամ, ինչպես նաև ներկայացրել է եվրոպական օրինակը (PERCկ): Այդ առնչությամբ ԶՊՄԿ-ի ղեկավարի տեղակալն ասել է, որ որոշումը, թե Հայաստանն ինչ ճանապարհով է գնալու, ի վերջո, պետք է ընդունի կառավարությունը: "Սա պետության հարց է, քանի որ այստեղ կարող է հաշվի առնվել նաև իմիջի հարցը ՝ գնալ Եվրոպայի հետ, թե՞ Ղազախստանի։ Կամ էլ՝ ինքնուրույն, որն ավելի բարդ ճանապարհ է, բայց կարելի է նաև այդ տարբերակն ընտրել», - նշել է փորձագետը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ ստանդարտների այս ներդրումը ծավալուն աշխատանք է, որը բոլոր կողմերի և բուն ոլորտի ներկայացուցիչների ներգրավման կարիք ունի: Այդ նպատակով, ինչպես նա ընդգծել է, կազմակերպվել է այդ հանդիպումը մասնագիտական հանրության հետ։ Միաժամանակ, Ջհանյանը պատմել է, որ այդ հարցը քննարկվում է նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում՝ ստեղծված պրոֆիլային աշխատանքային խմբի նիստերի շրջանակներում: